Խոսելով 2012 թվականի անելիքներից՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ասաց, որ հիմնադրամն իրականացնելու է համայնքային կենտրոնների կառուցման ծրագիր, որն այսօրվա հոգաբարձուների խորհրդի նիստում առաջարկվել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից. «Առաջարկն ընդունվել է: Հայաստանի եւ Արցախի գյուղերում կառուցվելու են կենտրոններ, որոնք իրենց մեջ ունենալու են գյուղապետարան, բուժկետ, համակարգչային սրահ, գրադարան, հանդիսությունների սրահ, այսինքն՝ մի շենքում լինելու են տարբեր հաստատություններ», – նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ անցյալ տարի հիմնադրամի ծրագրերն ուղղված էին ջրամատակարարման խնդիրներին՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի 3 քաղաքներում ու 12 գյուղերում:
Վարդանյանը հավելեց, որ 2011 թվականի հեռուստամարաթոնի ժամանակ «Հայաստան» հիմնադրամի համար հանգանակվել էր 20 մլն դոլար, եւ ցանկություն հայտնեց, որ բոլոր հայերը մասնակցեն դրամահավաքներին, ու ընդհանրապես համախմբված լինեն:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ