ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորվել է երկու անձ` կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու մեղադրանքով:
Ըստ գլխավոր դատախազության կայքէջի՝ քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Մ. Զիլֆիմյանը, նախնական համաձայնության գալով նույն քաղաքի բնակիչ Բ. Հարությունյանի հետ, 2012թ. մայիսի 24-ին գունավոր տպիչով պատճենահանելու եղանակով պատրաստել են կեղծ 20 000 դրամանոց ՀՀ թղթադրամներ եւ նույն օրը` ժամը 16:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Անիավան գյուղում, ժամը 19:00-ի սահմաններում Շիրակի մարզի Կամո գյուղում եւ 19:30-ի սահմաններում Շիրակի մարզի Հովիտ գյուղում, ուրիշի գույքը խաբեությամբ հափշտակելու նպատակով, հիշյալ գյուղերի բնակիչներ Ա. Դիլոյանից, Հ. Հովհանիսյանից եւ Գ. Խաչատրյանից համապատասխանաբար 4, 2 եւ 6 կեղծ 20 000 դրամանոց ՀՀ թղթադրամներով գնել են 4 գառ եւ 2 ոչխար` Ա. Դիլոյանին, Հ. Հովհաննիսյանին եւ Գ. Խաչատրյանին պատճառելով զգալի չափերի նյութական վնաս:
Բացի այդ, Մ. Զիլֆիմյանը եւ Բ. Հարությունյանը խոստովանական ցուցմունքներ են տվել, որ միմյանց հետ նախնական համաձայնության գալով` գունավոր տպիչով 5000 անվանական արժեքով 61 հատ կեղծ ՀՀ թղթադրամներ են տպել եւ իրացրել ՀՀ 4 մարզերի խանութներում` սննդամթերք գնելու եղանակով:
Հիշյալ 61 հատ 5000 դրամանոց ՀՀ թղթադրամներից 27-ն իրացրել են Շիրակի, 19-ը` Արագածոտնի, 9-ը Լոռու եւ 6-ը` Արմավիրի մարզերի տարբեր քաղաքներում եւ գյուղերում:
Կարդացեք նաև
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կեղծ թղթադրամներ պատրաստելու վայրը եւ եղանակը:
2012թ. մայիսի 29-ին Մ. Զիլֆիմյանին եւ Բ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 202-րդ հոդվածիմ 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Միաժամանակ կեղծ թղթադրամների իրացման դեպք է արձանագրվել նաեւ Շիրակի մարզի Բավրա գյուղի նախկին անասնապահական համալիրի հարակից տարածքում: Պարզվել է, որ 2012թ. մայիսի 26-ին` ժամը 19:00-ի սահմաններում, նշված գյուղի բնակիչ Ա. Մարգարյանից անհայտ անձանց կողմից 6 գառ գնելու եղանակով իրացվել են 10 հատ 20 000 դրամանոց կեղծ ՀՀ թղթադրամներ: Միջոցներ են ձեռնարկվում` կեղծ թղթադրամներ իրացնող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում 2012թ. մայիսի 26-ին նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: