Հայաստանում պատկերացում չունեն, թե ինչ բան է տնտեսական դիվանագիտություն, որը մեզ շատ անհրաժեշտ է: Այսօր «Արմենիա-նովոստի» մամուլի ակումբում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա դիտարկմամբ` արտահանումը խթանելու լուրջ գործոն է նաեւ ունենալ արտաքին տնտեսական հարաբերություններով զբաղվող որեւէ կառույց. « Ցավոք, 2000 թվականից միջազգային տնտեսական հարաբերություններով զբաղվում է արտգործնախարարությունը, իսկ շատերը խուսափում են այս դեպարտամենտից, որը զբաղվում է արտաքին խնդիրներով: Այս առումով մենք վաղուց ասել ենք, որ հասունացել է պահը, որպեսզի ստեղծվի նոր, անկախ մի մարմին: Դա կարող է լինել կառավարությանն առընթեր կամ կառավարության մեջ, կամ էլ ստեղծել արտաքին տնտեսական կապերի նախարարություն, կամ` կոմիտե: Պետք է լինի նման կառույց, որը կկոորդինացնի երկրի արտաքին տնտեսական քաղաքականությունը: Այսօր արտաքին գործերի նախարարությունում կա նման վարչություն, որտեղ դիվանագետները 2 տարով գալիս են, որպեսզի հետո մեկնեն արտերկիր, բայց չկա բավականաչափ աշխատանքային փորձ, գիտելիքներ, որպեսզի խորությամբ զբաղվեն այդ գործով»:
Խոսելով Հայաստանում տնտեսական ակտիվությունից՝ տնտեսագետը նշեց, որ նախընտրական փուլում, ինչպես մեր երկրում, այնպես էլ այլ երկրներում ներդրումները չեն ակտիվանում: Բոլորը սպասում են, թե ինչ ավարտ կունենան ընտրությունները. «Սակայն մեր տնտեսության մեջ ամենակարեւոր գործոններից մեկը` դա գյուղատնտեսությունն է, եւ գյուղատնտեսական աշխատանքներն արդեն սկսել են: Իսկ պատշաճ մակարդակով ագրարային քաղաքականություն վարելու դեպքում հնարավոր է՝ տնտեսության աշխուժացման արագ տեմպեր լինեն, որը մասնակիորեն կհակակշռի ազգային արժույթի արժեզրկման այս գործընթացը` ամրացնելով հայկական դրամի դիրքերը»: Ըստ տնտեսագետի կանխատեսման` հուլիսի վերջից ու օգոստոսին արդեն հնարավոր է, որ դրամը կարժեւորվի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև