Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովհաննես Հովհաննիսյան. ապշած էինք արցախցիների՝ օպերա լսելու ունակությամբ (Տեսանյութ)

Մայիս 30,2012 13:40

Այսօր «Հենարան» մամուլի ակումբի հյուրերն էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանը և օպերային և սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնի վարիչ, Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, պրոֆեսոր Հովհաննես Միրզոյանը, ովքեր ներկայացրեցին Արցախում օպերային թատրոն հիմնելու հեռանկարները:

Արցախում օպերային թատրոն ունենալու գաղափարը ծնվել է դեռեւս 2000թ.-ից, երբ սեպտեմբերի 3-ին՝ Ստեփանակերտի հրապարակի փոքրիկ բեմահարթակում ներկայացվեց իտալական օպերա. «Մեզ ապշեցրեց արցախցիների՝ օպերա ընկալելու եւ լսելու ունակությունը: Հաջորդ տարի էլ Արցախի դրամատիկականում օպերա խաղացինք, եւ դահլիճը լեփ-լեցուն էր, մարդիկ նույնիսկ ոտքի վրա էին կանգնած: Դրամատիկական թատրոնը նախատեսված չէր օպերա խաղալու համար, բայց փորձ կարվի այն վերանորոգել այնպես, որ բեմադրվեն ոչ միայն թատերական, այլեւ օպերային գործեր»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ Նինա Գրիգորյանի ղեկավարած Արցախի պետական երգչախմբի անդամների մի մասն ավարտել եւ այժմ էլ սովորում է կոնսերվատորիայում. «Մարդիկ այստեղ սովորում են, վերադառնում Արցախ կամ գնում Եվրոպա: Հետեւաբար, պետք է պայման ստեղծել, որ նրանք վերադառնան, իսկ դա կլինի հենց օպերային թատրոնի հիմնումը: Դրան հասնելու համար երկար ճանապարհ պետք է անցնել. մենք կախարդական փայտիկ չունենք»:

Հ. Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ Արցախի կառավարությունը եւ մշակույթի նախարարությունը պատրաստ են կյանքի կոչել օպերային թատրոնի հիմնումը:

Հովհաննես Միրզոյանն ասաց, որ Արցախում օպերային արվեստը զարգացնելու ցանկությունը թույլ է տալիս կրթել ուսանողների եւ վերադարձնել Արցախ. «Հայ նշանավոր կոմպոզիտորների շարքում է  Անդրանիկ Բաբայանը, ով ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան եւ «Արծվաբերդ» օպերայի  հեղինակն է: Արցախը ոչ միայն հրաշալի գեներալներ, այլեւ արվեստի ներկայացուցիչներ  է տալիս»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031