Երևան, 30 մայիսի, 2012թ.
Orange Հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները` կրթություն, առողջություն, նախադպրոցական և մարզական դաստիարակություն:
Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի վերանորոգված մանկապարտեզն այսուհետ իր 30 սաներին կընդունի գեղեցիկ կահավորված շենքում: Լուսակունքն ունի 1289 բնակիչ, որոնց բնականոն կյանքի կազմակերպման համար մանկապարտեզն ունի կենսական նշանակություն: Այն ոչ միայն թույլ է տալիս երեխաներին նախադպրոցական կրթություն ստանալ և փոքր տարիքից հասարակության անդամ դառնալ, այլ նաև մասնավորապես գյուղի կանանց աշխատանք ունենալու հնարավորություն է տալիս:
Կարդացեք նաև
«Երեխաները միշտ են եղել Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Մեզ համար երեխաների, նրանց կրթության, դաստիարակության, մշակութային զարգացման հարցերն ամենակարևորներից են երկրի համար, քանի որ յուրաքանչյուր երկրի ապագա հաջողությունները կախված են երեխաների նկատմամբ մեր ցուցաբերած այսօրվա ուշադրությունից: Սա թվով 8-րդ մանկապարտեզն է, որին մենք աջակցում ենք կահավորման կամ ջեռուցման համակարգի ձեռք բերման համար: Հպարտությամբ կնշեմ նաև, որ Օրանժ Արմենիայի աշխատակիցները գրքեր ու խաղալիքներ են հավաքել, որոնք հունիսի մեկի առթիվ կբաժանվեն մեր գործընկեր «Շեն» բարեգործական կազմակերպության հոգածության ներքո գտնվող տարբեր համայքներում», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:
Լուսակունքի մանկապարտեզը կառուցվել է համայնքի միջոցներով 2011թ.: Մանկապարտեզի մասնակի կահավորման համար իրենց ներդրումն են ունեցել նաև «World Vision» և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունները, իսկ գյուղապետարանն իր միջոցներով այն վերանորոգել է:
Մանկապարտեզի կահավորման համար Orange Հիմնադրամը տրամադրել է մոտ 2 միլիոն դրամ:
Orange Հիմնադրամի մասին
Orange Հիմնադրամը Հայաստանում ստեղծվել է 2011թ. ապրիլին: Ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում գործող հիմնադրամների շարքում Orange Արմենիա Հիմնադրամը 11-րդն է: Նման հիմնադրամներ արդեն իսկ գործում են մի շարք երկրներում ինչպիսիք են` Ֆրանսիան, Իսպանիան, Սենեգալը, Մալին, Կոտ դ’Իվուարը, Կամերունը, Լեհաստանը, Սլովակիան, Մոլդովան և Դոմինիկյան Հանրապետությունը: 1987 թվականին իր հիմնադրումից ի վեր` Orange Հիմնադրամը եղել է Orange Խմբի բարեգործական և մարդասիրական ծրագրերն իրականացնող հիմնական կառույցը: Համարելով հաղորդակցումը հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը` Orange Հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք հաղորդակցությունը դարձնում են առավել մատչելի բոլորի համար:
Orange Արմենիա Հիմնադրամի գործունեությունը հիմնականում ուղղված է գյուղական համայնքների զարգացմանը, երեխաներին, ինչպես նաև առողջապահական, մասնավորապես հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցմանը:
Orange Հիմնադրամը համակարգում է Ֆրանս Տելեկոմ Խմբի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունն ամբողջ աշխարհում` սերտորեն համագործակցելով Խմբի շրջանակներում գործող բոլոր հիմնադրամների և Խմբի մաս կազմող ընկերությունների հետ: Ներկայումս Հիմնադրամն աջակցում է միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը Եվրոպայի, Ասիայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 30 երկրներում:
Հավելյալ տեղեկությունների համար`
Լիլիթ Մարտիրոսյան
Հանրային կապերի պատասխանատու
հեռ. 095 988 608
R