Օպերային թատրոնի գլխավոր խորմայստեր Կարեն Սարգսյանը՝ երկի եւ եկեղեցական անգրագիտության մասին
Վերջին շրջանում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, բացի խաղացանկային ներկայացումներից, հանդիսատեսին է ներկայանում հայ եւ համաշխարհային դասական երաժշտության այլ ժանրերի գանձերով: Հերթական երեկոյի ընթացքում՝ մայիսի 31-ին թատրոնի նվագախումբը, երգչախումբը, ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի մանկական երգչախումբը, մենակատարներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Առնոլդ Քոչարյանը (բարիտոն), Արեւիկ Խալաթյանը (դաշնամուր), թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ հանդես կգան Կարլ Օրֆի Carmina Burana կանտատի կատարմամբ: Գերմանացի կոմպոզիտորի 1935թ. գրված այս գործը, եկեղեցական որոշ ներկայացուցիչների որակմամբ՝ սատանայական է, այդուհանդերձ չի դադարում լինել սիրվածներից մեկը աշխարհում: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում թատրոնի գլխավոր խորմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանը (լուսանկարում) նախ ասաց, թե դրա պատճառը եկեղեցական որոշ ներկայացուցիչների անգրագիտությունն է, ովքեր խորապես չեն ուսումնասիրել 1803թ. Բավարիայի Բոյերն մենաստանում գտնված միջնադարյան թափառական պոետների բանաստեղծությունների հսկայական ժողովածուն, որը կազմվել է Հարավային Գերմանիայում՝ 13-րդ դարում եւ ընդգրկում է շուրջ 200 բանաստեղծություն: Հինգ հիմնական մասերից կազմված կանտատում կոմպոզիտորը անդրադարձել է դրանցից 25-ին: Հետո էլ հավելեց. «Կանտատի առաջին եւ վերջին մասերը կրկնվում են, եւ դա պատահական չէ. Պետեր Բլուացուի, Վալտեր Շատիլյոնցուի, Արքիպիիտի եւ մյուս պոետների բանաստեղծությունների հիմնական թեման ճակատագրի անիվն է՝ կյանքի բոլոր դրսեւորումներով: Իսկ ազատ սերը ներկայացնող տողերն ու մեղեդին համարձակ մոտեցում է այս խնդրի հանդեպ պահպանողական մտածողություն ունեցող համակարգերի համար եւ անընդունելի է նրանց կողմից: Չմոռանանք, որ Կոմիտասի կենդանության օրոք Վարդապետի գործունեությունն էլ էր եկեղեցու կողմից մեծ դիմադրության արժանանում»:
Կարեն Սարգսյանը նշեց, որ անվանի մի շարք ռեժիսորներ ու բալետմայստերներ իրենց ֆանտազիան բավարարելու նպատակով այսօր էլ դիմում են Carmina Burana-ին. «Սա շատ թատերային երաժշտություն է՝ բեմադրական մտահղացումների իրականացման համար լավագույն հենք»:
Կարդացեք նաև
Հետաքրքրությանը, թե մոտ 15 տարի առաջ՝ 1990-ականների վերջին Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ ակադեմիական երգչախմբի, Ֆիլհարմոնիկ նվագախմբի ու մենակատարների մեկնաբանմամբ մատուցված եւ այսօր Կարեն Դուրգարյանի «ընթերցմամբ» կանտատը ունե՞ն ընդհանրություններ, Կարեն Սարգսյանը պատասխանեց. «Նույն ստեղծագործության նույնանման երկու կատարում աշխարհում չկա պարզ պատճառով. յուրաքանչյուր մեկնաբան ունի սեփական ընկալում եւ դրանից բխող արտահայտման ձեւ: Պարզապես Carmina Burana-ն առանձնանում է այլ կանտատներից նրանով, որ յուրաքանչյուր մասն առանձին երաժշտական գործողություն է, հետեւաբար համոզված եմ, որ երաժշտասերին կհետաքրքրի նաեւ դուրգարյանական տարբերակը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ