Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակում է

Մայիս 30,2012 13:29

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 13-ի՝ «ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» թիվ 265-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործով այսօր եզրափակիչ ելույթներով հանդես եկան դաշինքի ներկայացուցիչ, դիմումատու  Վահե Գրիգորյանը եւ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:  Վահե Գրիգորյանն ասաց, որ դատարան ներկայացված դիմումից բացի, ուզում է շեշտադրումներ անել: Այն մասնավորապես կապված էր ՀՀ նախագահի կողմից իր պաշտոնական լիազորություններն իրականացնելով նախընտրական քարոզչությանը: Վ. Գրիգորյանն ասաց, որ նախագահի վերահսկողության տակ են գտնվում ԿԸՀ-ն, նրա անդամները, պաշտոնատար անձինք, ոստիկանությունը, որը ծանրակշիռ նշանակություն ունի ընտրախախտումների վերաբերյալ օպերատիվ տվյալների ձեռքբերման եւ տնօրինման հարցում: Նա հորդորեց Սահմանադրական դատարանին՝ հաշվի առնել ԵԽԽՎ ստանձնած 2405 2012թ. փաստաթուղթը, նշելով, որ այն պաշտոնապես թարգմանված չլինելու պատճառով դատարանին հանձնել չի կարող: Ի դեպ, նշված փաստաթուղթը վերաբերում է ընտրություններին: Վ. Գրիգորյանը նաեւ անդրադարձավ ընդհանուր բնակչության եւ ընտրողների թվի հարաբերակցությանը եւ հայտարարեց, որ ընտրողների թիվը 20%-ով գերազանցել է բնակչության թվին: Նա ասաց, որ իրենք դիմել են դատարան՝ դատական պաշտպանության իրենց իրավունքից օգտվելու համար:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը որոշ առումներով կրկնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ երեկ դատարանում հնչած առարկությունները: Նա հայտարարեց, որ 265-Ա որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր չկան եւ մեղադրեց դիմումատուին, որ նա շարադրել է իր մոտեցումներն ու դատողությունները, որոնք, ըստ ԿԸՀ ներկայացուցչի, իրավական արժեք չեն ներկայացնում. հարցերին տված պատասխանները չեն կարող դիտվել ապացույց, որով անվավեր ճանաչվեին ընտրությունները: Նա նաեւ գտնում էր, որ դիմումատուի նշած խախտումները  թվացյալ պատրանք ստեղծելու միտում ունեն: Ա. Սմբատյանն ասաց, որ  1982 ընտրատեղամասերում համամասնական ընտրակարգով կուսակցությունների կողմից ներգրավված է եղել 19493 վստահված անձ եւ որ նրանցից ստացված դիմումների կապակցությամբ ԿԸՀ-ն կայացրել է պատճառաբանված որոշումներ:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ անցնում է խորհրդակցական սենյակ, սակայն «այսօր, թե վաղը կհրապարակի որոշումը»:

Բացի լրատվամիջոցներից, այսօրվա նիստին որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չէր մասնակցում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031