Հերթական ապօրինությունը տեղի ունեցավ մայարաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, բայց այս անգամ օբյեկտը ոչ թե պուրակ էր, այլ հուշարձան. Մաշտոցի պողոտայի հնաբանակ Փակ Շուկան էր կամայականությունների զոհ դարձել: Այս 2 դեպքերի մեջ կա մի հստակ տարբերություն: Եթե պուրակի ժամանակ Երեւանի քաղաքապետը հայտարարում էր, որ ամեն ինչ արվում է օրենքի տառին եւ ոգուն համապատասխան, ապա Փակ շուկայի առիթով բարձարացրած բողոքի ալիքին ընդառաջ պարոն Մարգարյանը Facebook-ի իր էջում գրառում թողեց. «…շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել:» Նախ ի՞նչ է նշանակում Երեւանի քաղաքապետարանը թույլտվություն չի տրամադրել, այդ դեպքում ո՞վ է այդ հրեշը, որ կարող է ինքնագործունեությամբ զբաղվել ու ոտքի տակ տալ քաղաքի հուշակոթողներից մեկը: Այս առիթով մեր հարեւան Վարդուշը կասեր. «եթե մի քարի կտոր տեղափոխելիս լինեինք, քաղաքապետարանի կամ ոստիկանության աշխատակիցները րոպեներ անց գլխներիս կանգնած կլինեին»: Եվ Վարդուշը չէր սխալվի այդ միտքն արտահայտելով, քանի որ կյանքն է ցույց տվել այդ արատավոր երեւույթի իսկությունը, երբ քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցները շտապում են ոչ թե ապօրինությունը վերացնելու, այլ այն համապատասխան վերաբերմունք ցուցաբերելու դեպքում քողարկելու նպատակով: Այս պարագայում կարծես թե վերաբերմունքը ցուցաբերված է, բայց պատկան մարմիններին չհաջողվեց քողարկաման գործընթացը, քանի որ խոսքը ոչ թե քարի կտորի, այլ վաստակաշատ մի ճարտարապետի կողմից կառուցած մի հուշարձանի մասին է:
Բայց սրանով չի եզրափակվում «օրինապաշտ» քաղաքապետի անզորությունը: Գրառումն ընթերցողը հիասթափություն է ապրում, երբ մայրաքաղաքի պատասխանատուն շարունակում է ցուցադրել իր ոչ երանելի կարգավիճակը. «Կատարվածն առնչվում է շինարարական կառուցվածքների փլուզմանը, որոնց ամրացման նպատակով տնտեսվարողի կողմից սեփական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել ամրացման աշխատանքներ իրականացնելու՝ վթարային իրավիճակներից և փլուզումից խուսափելու նպատակով:» Սոցիալական ցանցերում արդեն մեծ տարածում գտած տեսանյութը փաստում է այն մասին, որ կամ քաղաքապետը շատ զբաղված է եղել եւ չի տեսել բարբարոսության հավաստիքը, կամ մտածված փորձում է ապատեղեկատվություն տարածել: Տեսանյութը դիտած քաղաքացիները կարող են փաստել, որ այնտեղ քանդման պրոցես է գնում եւ ոչ թե ամրացման:
Մեզ մնում է փաստել մի բան, որ Պուրակի օպերացիայից հետո քաղաքապետը հասկացել է, որ մի անգամ արդեն Երեւանի բնակիչներն ականատես են եղել մի իրավիճակի, որ ինքն իր խոսքի տերը չի եղել ու հիմա խնդիր ունի այն վերականգնելու, քանի որ Բաղրամյան 26-ում նստում է մի մարդ, ով զանազանում է գեղեցիկը տգեղից…
Մեզ մնում է սփոփվել այն առկա փաստով, որ Անկախության սերունդը օր օրի սկսում է մտնել իր առաքելության մեջ եւ ցույց տալ որ ինքն է երկրի կամ քաղաքի տերը, այլ ոչ թե պաշտոնյան:
Դավիթ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ