Համոզված է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը
Վերջին շրջանում դրամի արժեզրկումն ու դոլարի կուրսի բարձրացումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս. որոշ մասնագետներ պնդում են, որ դա հետընտրական գործընթացների հետ է կապված, ոմանք էլ կարծում են, թե պարզապես դոլարի պահանջարկն է մեծացել՝ պայմանավորված ամռան սեզոնով, այսինքն՝ բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ իրենց ամառային հանգիստը արտերկրում կազմակերպելու համար դոլար են գնում, ինչն էլ «չենջավիկներին» առիթ է տվել արհեստականորեն կուրսը բարձրացնել՝ այդկերպ խուճապ առաջացնելով: Այս ամենն էլ բերել է դոլարի թանկացման: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի համոզմամբ՝ ընտրական գործընթացներն այստեղ գրեթե կապ չունեն: Նա «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վերը նշված գործոններն, իհարկե, կարող են որոշ ազդեցություն թողնել դոլարի թանկացման վրա, սակայն այդ հարցում ավելի լուրջ դեր են խաղում միջազգային արժութային շուկայում տեղի ունեցող գործընթացները: «Ընտրական գործընթացները չէին կարող իրենց ազդեցությունը չթողնել տնտեսության վրա՝ ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում: Բայց չպետք է գերագնահատել դրա դերը: Չեմ բացառում նաեւ, որ մարդիկ դոլար են գնում տարբեր տեղեր մեկնելու նպատակով. պետք է հաշվի առնել, որ զբոսաշրջային սեզոնը, որպես այդպիսին, դեռ չի սկսվել: Խորը մասնագիտական վերլուծություն կատարելիս դժվար չէ պարզել, որ այս ամենը իրականում պայմանավորված է հիմնականում արտաքին գործոններով. առաջին հերթին՝ եվրոյի եւ դոլարի միջեւ փոխարժեքների տատանումներով: Պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությունն արդեն վերելք է ապրում, հաջողություններ են գրանցվում Օբամայի վարչակազմի օրոք ընդունված պետության ծրագրի տարբեր ոլորտներում: Դա հիմնական ազդակն է, որը թույլ է տալիս արժեւորել Ամերիկայի արժույթը»:
Ըստ մասնագետի՝ եվրոն դոլարի նկատմամբ իր դիրքերը զիջում է, եւ հենց այս երկու արժույթների փոխարժեքներով էլ պայմանավորված է մնացած գրեթե բոլոր երկրների ազգային արժույթների մակարդակը. «Ուստի, հատկապես հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում տեղի է ունենում ազգային դրամանիշների արժեզրկում, մի երկրում՝ մի քիչ շատ, մյուսում՝ նվազ տեմպերով: Սրանով է պայմանավորվում հայկական դրամի վրա փոխազդեցությունը»: Տնտեսագետի դիտարկմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակում արտահանման աճի տեմպերը կազմել են 32%, որը շատ կարեւոր է մեր երկրի տնտեսության ապաքինման համար. «Սակայն կախվածությունը ներմուծումից դեռեւս պահպանվում է: Այստեղ լուծման բանաձեւերը տարբեր են. առաջինը տեղական արտադրության զարգացումն է, որը թույլ կտա ավելի անկախ գնագոյացման քաղաքականություն վարել, բնականաբար՝ ավելի մատչելի կարող են լինել գները սպառողների համար»:
Կարդացեք նաև
Տնտեսագետը նշեց, որ դրամի արժեզրկումը այնքան էլ լուրջ վտանգներ չի առաջացնում Հայաստանի համար, այսինքն՝ նրա խոսքերով՝ հատկանշական փոփոխություններ տեղական շուկայում գների առումով չեն նկատվում. «Սա եւս խոսում է այն մասին, որ ազդեցությունը բոլոր երկրների վրա գրեթե համաչափ է, ուստի մեծ ցնցումներ Հայաստանի տնտեսության վրա չեն կարող լինել»: Ընդ որում, տնտեսագետը վստահեցրեց, որ դեռ մի բան էլ գյուղատնտեսության ոլորտում օգոստոս-սեպտեմբեր ամիսներին աճ է լինելու: Բոլորովին վերջերս հանրապետության տարբեր մարզերում եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ լուրջ վնասներ եղան՝ Արարատյան դաշտավայրում ծիրանենիներն ու դեղձենիները սնկերով վարակվեցին, Սյունիքում էլ կարկտահարումից բերքը փչացավ, եւ ցորենի արտերը զանգվածաբար վնասվեցին: Մեր այս դիտարկմանն էլ, թե նման պարագայում ինչպե՞ս կարող է այդ ոլորտում աճ գրանցվել, պարոն Մանասերյանն ասաց. «Անշուշտ, դա իր ազդեցությունը թողնելու է, սակայն միայն դրանով չի կարելի պայմանավորել գյուղատնտեսության զարգացումը: Ամեն դեպքում, մեր վերլուծական կենտրոնի կանխատեսումներով՝ երկնիշ աճ կլինի, եթե հավասար պայմաններ լինեն, եւ եթե կտրուկ փոփոխություններ չլինեն»:
Մեր այն հարցին էլ՝ արդյոք լրացուցիչ գնաճ չի՞ լինի, եթե հաշվի առնենք, որ դոլարի արժեւորումը առաջին հերթին խփում է ներմուծողների գրպանին, որոնք էլ, որպեսզի մեծ կորուստներ չունենան, ապրանքները կթանկացնեն, տնտեսագետն ասաց. «Ես կարծում եմ, որ գնաճը, եթե հաշվի առնենք անցյալ տարվա ընդհանուր տենդենցներն ու այս տարվա առաջին եռամսյակը, կառավարելի միջակայքում է եւ չի անցել թույլատրելի սահմանները: Ավելին, որոշ ոլորտներում, մեր ուսումնասիրության արդյունքներով, շինանյութի շուկայում, օրինակ՝ ցեմենտի, կա գնաճ, բայց տարբեր մետաղական որոշ շինանյութերի շուկայում գնանկում է: Նույնը պարենամթերքի՝ գյուղմթերքների շուկայում, որը կհակակշռի այն միտումները, որոնք կարող էին լինել: Եվ ընդհանուր առմամբ, հավանական եմ համարում, որ հունիսի վերջից կարող են հակակշռող միտումներ լինել, այսինքն՝ դրամի որոշակի արժեւորում, եթե նորից տեղի չունենա դոլարի կտրուկ արժեւորում եվրոյի նկատմամբ: Եթե նման բան չլինի, Հայաստանում մեծ ցնցումներ չեն լինի»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ