Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե առճակատում լիներ՝ ես կհասկանայի «Տեր-Պետրոսյանի գծած սցենար» ասվածը

Մայիս 30,2012 13:08

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ ներքաղաքական զարգացումների մասին

– Մեկնաբանելով ԲՀԿ-ի՝ կոալիցիոն կառավարումից հրաժարվելը՝ շատ վերլուծաբաններ գտնում են, որ «կյանքի է կոչվել» Լեւոն Տեր-Պետրոսյանի սցենարը, ով մի քանի ամիս է՝ փորձում է «սեպ խրել» ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ: Դուք է՞լ եք գտնում, որ առաջին նախագահի «գծած սցենարով» են իրադարձությունները զարգանում:

– Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի «գծած սցենար» ասվածը կհասկանայի, եթե առճակատում, հակասություն լիներ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Բայց հասկանալով հայաստանյան իրավիճակը՝ ես լուրջ կասկածներ ունեմ, որ ԲՀԿ-ն կարող է լուրջ հակասություններ ունենալ ՀՀԿ-ի կամ նրա նախագահի հետ: «Ժողովրդավարական հայրենիքը» քաղխորհրդի նիստ այս ընթացքում չի գումարել, ձեւավորված կուսակցական կարծիք չկա, բայց իմ կարծիքով՝ սա, միգուցե, ավելի վատ սցենար է, եւ շատ հավանական է, որ 2013 թվականի նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն մեկուսացնի ընդդիմությանը: Եթե այդ գործընթացն իրականացավ, ապա եւս հինգ տարի ընդդիմությունը պետք է պայքարի՝ ճգնաժամից դուրս գալու համար:

– Այսինքն՝ այսպիսով, ԲՀԿ-ն ոչ թե հստակեցում է մտցնում քաղաքական դաշտում, այլ ավելի՞ է խճճում իրավիճակը՝ ընդդիմությանը անկյուն մղելով:

– ԲՀԿ-ն ընտրությունների ժամանակ  միանշանակ օգտվել է բոլոր կեղծիքներից եւ ընտրակաշառք բաժանելու հնարավորությունից: ԲՀԿ-ն հասարակության իրական քվեն չի ստացել: Հիմա, իր այդ ոչ արդար արդյունքով, նա մտնում է ընդդիմադիր դաշտ եւ հանդես է գալիս ընդդիմադիրի իմիջով: Տրամաբանությունը հուշում է՝ ինչո՞ւ իշխանությունը թույլ տվեց ԲՀԿ-ին օգտվել ընտրակեղծիքների բոլոր հնարավորություններից, ինչո՞ւ պիտի  ԲՀԿ-ն կարողանա ընդդիմություն դառնալ: Եզրահանգումը մեկն է. իշխանությունները փորձում են ԲՀԿ-ին տեսնել ընդդիմադիր դաշտում իրենց համար ցանկալի սցենարով:

– Իսկ ՀԱԿ-ում այդ խնդիրները չե՞ն քննարկվել, որովհետեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ կենտրոնական գրասենյակի որոշ ներկայացուցիչներ բավականին ոգեւորությամբ արձագանքեցին ԲՀԿ քայլին, ասացին, որ դա քաղաքական դաշտում իրավիճակ է փոխում, ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիայի նոր հնարավորություններ են բացվում:

– ՀԱԿ-ում դեռեւս քննարկում չի եղել: Տա Աստված, որ ես սխալվեմ այդ հարցում: Բայց հաշվի առնելով հայաստանյան իրականությունը, որ բոլոր օլիգարխները օլիգարխ են դարձել ժողովրդի հաշվին, հարկերը, օրենքները շրջանցելով, եւ օլիգարխներից ամենահարուստը ղեկավարում է ԲՀԿ-ն՝ այդ կուսակցությունը չի կարող դեմ դուրս գալ իշխանական համակարգին: Դրա համար ես չեմ կիսում իմ ընկերների տեսակետը եւ լուրջ կասկածներ ունեմ:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ առաջիկա զարգացումների արդյունքում եւ ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության պարագայում Ձեր ղեկավարած կուսակցությունն էլ լքի ՀԱԿ-ը, քանի որ ՀԱԿ կենտրոնական գրասենյակում չեն բացառում նման համագործակցությունը:

– Երբ ԲՀԿ-ն ամսի 31-ին կհայտարարվի ընդդիմադիր ուժ, մեր կուսակցության քաղաքական խորհուրդը կքննարկի եւ կարտահայտի իր մոտեցումը: Բայց ես առիթ ունեցել եմ ասելու, որ ՀԱԿ-ից դուրս գալը կամ ՀԱԿ-ում մնալն ինքնանպատակ չէ: Մենք դեռեւս տեսնում ենք պոտենցիալ, որ ՀԱԿ-ը կարող է իրավիճակ փոխել: Երբ լինի Հայաստանում իրավիճակ փոխելու այլընտրանք՝ «Ժողովրդավարական հայրենիքը» որոշում կընդունի: ԲՀԿ-ի կեցվածքով պայմանավորված՝ մեր կուսակցությունը իր որոշումը չի փոխի, ավելին՝ կփորձենք զարգացումները տանել այն հունով, որը կօգնի երկրում իրավիճակ փոխել:

– Ասում եք՝ ՀԱԿ-ն ունի իրավիճակ փոխելու ներուժ. ունենալը այլ հարց է, ցանկանալն՝ այլ: ՀԱԿ-ում արդեն տեւական ժամանակ կարծես չեն ցանկանում ռազմավարական եւ մարտավարական փոփոխություններ անել՝ իրավիճակի փոփոխության համար, դա Ձեզ չի՞ կաշկանդում:

– Մեր կուսակցության նպատակն է փորձել համադրել ներուժը եւ ցանկությունը: Մեղմ ասած՝ ՀԱԿ-ում փոփոխություններ պարտադրենք, որպեսզի գնան իրավիճակ փոխելու: Կարծում եմ՝ ՀԱԿ-ում շատ անհատներ եւ ուժեր կան, ովքեր մեծ ցանկություն ունեն Հայաստանում օր առաջ իրավիճակ փոխելու: Մյուս կողմն էլ, բնականաբար, իր հաշվարկն ունի: Պետք է հաշվի առնել բոլորի մոտեցումը, համադրել եւ փորձել ի մի գալ, ելք գտնել: Ի դեպ, արդեն մեկ տարուց ավելի նման գործընթաց ՀԱԿ-ում գնում է:

– Դուք մեղադրո՞ւմ եք նրանց, ովքեր խորհրդարանական ընտրություններից հետո լքեցին ՀԱԿ-ը:

– Իհարկե՝ ոչ: Ես որեւէ մեկին մեղադրելու իրավունք չունեմ: Դա ամեն մի կուսակցության որոշելու խնդիրն է: Ես նաեւ համոզված եմ, չեմ բացառում, որ եթե ՀԱԿ-ը լուրջ, ինտենսիվ գործընթացներ սկսի, ՀԱԿ-ից դուրս եկած ուժերի հետ  այդ հարթության մեջ համագործակցություն վերսկսվի:

– Իր ներկայիս վիճակով կարծում եք, որ ՀԱԿ-ն ի վիճակի՞ է 2013 թվականի նախագահական ընտրություններում լուրջ հայտ ներկայացնել:

– Հայաստանն այնպիսի տնտեսական, բարոյահոգեբանական վիճակում է, մանավանդ՝ այս վերջին ընտրություններ կոչված վաշխառուական գործընթացից հետո, երբ 10-15-20 հազարով գնված մարդիկ արդեն շոկային հոգեվիճակում են… Հայաստանում ամեն օր հնարավոր է իրավիճակ փոխել, եթե ճշգրիտ քայլեր կատարվեն, եւ համապատասխան ուժային կենտրոն ձեւավորվի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031