Անցած շաբաթ հրապարակված ԵԽԽՎ Բյուրոյի ժամանակավոր հանձնախմբի զեկույցը՝ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, բավականին կոշտ էր եւ գրեթե չէր պարունակում մեր իշխանություններին քաջալերող «ավանսներ»: Բնականաբար, դա եվրոպացիների միասնական դիրքորոշումն է՝ ոչ միայն Հայաստանի, ալեւ ընդհանրապես մեզ նման երկրների նկատմամբ՝ չտալ որակումներ «ազատ», «ոչ ազատ», «արդար», «ոչ արդար», այլ ներկայացնել բոլոր թերությունները, որոնք նկատել են դիտորդները, կամ որոնց մասին ահազանգել են ընդդիմադիրները: Շատ հնարավոր է, որ այդ զեկույցը դուր չգա ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը: Վերջինս, հավանաբար, կցանկանար, որ եվրոպական կառույցները հայտարարեին, որ նրանք չեն ընդունում ընտրությունների արդյունքները: Իսկ իշխանությունն ուզում է, որ այդ զեկույցներում ավելի ցայտուն արտացոլվեին այն դրական տեղաշարժերը, որոնք իսկապես նկատվել են նախորդ խորհրդարանական եւ, առավել եւս, նախագահական ընտրությունների հետ համեմատած: Բայց եվրոպացիների այս դիրքորոշումը, կարծում եմ, ի վերջո օգտակար է մեր պետությանը, քանի որ պարտադրում է բոլոր քաղաքական ուժերին կենտրոնանալ երկու կարեւորագույն խնդիրների վրա, որոնք են՝ ա/ ընտրացուցակները, եւ բ/ ընտրողների վրա ճնշումները: Հենց այդ երկու կետերն են նշված ԵԽԽՎ Բյուրոյի ժամանակավոր հանձնախմբի զեկույցում՝ որպես առանցքային:
Առաջին խնդրի լուծման ճանապարհները կարելի է պատկերացնել՝ ի վերջո, նաեւ դրա համար են այս գումարման Ազգային ժողովում հավաքվել այդքան մեծ թվով խելացի եւ արդար ընտրություններով շահագրգռված գործիչներ, որպեսզի միասին խելք խելքի տան եւ մշակեն ցուցակները մաքրելու արդյունավետ մեխանիզմներ: Չեմ կարծում, որ այս հարցում իշխանությունը, տվյալ դեպքում՝ ոստիկանությունը ընդառաջ չգնա ընդդիմադիր եւ ոչ այնքան ընդդիմադիր պատգամավորների ցանկություններին:
Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա այստեղ ես, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ինչ է հնարավոր անել, եթե չլինի քաղաքական կամք: Որովհետեւ ինքնին «ճնշումներ» հասկացությունը հստակ չէ: Եթե, ենթադրենք, դասղեկը ծնողական ժողովի ժամանակ կոչ է անում քվեարկել ՀՀԿ-ի օգտին, դա, անշուշտ, ճնշում է, որովհետեւ երեխաները եւ, հետեւաբար, նաեւ ծնողները կախում ունեն դասղեկից: Ընդհանրապես, պետական հիմնարկների ղեկավարները, ինչպես նաեւ շատ դեպքերում՝ մասնավոր ընկերությունների սեփականատերերը կախման մեջ են ուժային, հարկային, մաքսային եւ այլ նման կառույցներից, եւ այս դեպքում անհնար է տարբերակել, թե որն է բացահայտ ճնշումը, որը՝ ընկերական հորդորը, իսկ որը՝ պարզապես գործնական շահերի համադրումը: Իսկ երբ ընդդիմադիրն ասում է՝ նա, ով մեզ հետ չէ, տականք է, նա, ով չի պահանջում նախագահի անհապաղ հրաժարականը եւ արտահերթ ընտրություններ, նա ծախված է իշխանություններին, եթե դու ինձ չմիանաս, ես քեզ կոչնչացնեմ, դա կարելի՞ է ճնշում համարել:
Ի դեպ, ի՞նչ եղավ անհապաղ հրաժարականի, իմպիչմենտի եւ արտահերթ ընտրությունների հարցը: Դա շարունակո՞ւմ է մնալ որպես «չծախված լինելու» թեստ: Թե՞ կարելի է, այնուամենայնիվ, 9 ամիս սպասել:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ