Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարոնուհի Նիքոլսոնը նշեց, որ Հայաստանն այն աստիճանի արագ է առաջ ընթանում ժողովրդավարության ճանապարհով, որ անհրաժեշտ է առավելապես կոշտ գնահատականներով զեկույց»

Մայիս 30,2012 12:28

Հատվածներ ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հարցազրույցից:

   -Պարոն Հարությունյան, ի՞նչն է պատճառը, որ ԵԽ ԽՎ մշտական հանձնաժողովի նիստում զեկույցը ներկայացվելուց անմիջապես հետո դուք կոշտ գնահատականներով եք բնորոշել այն՝ կողմնակալ, անարդար, միտումնավոր, մակերեսային:
-Դիտորդական առաքելության անունից ներկայացված զեկույցի վերաբերյալ իմ գնահատականները միանգամայն արդարացված են ու տեղին: Այդպիսի գնահատականների պատճառները մի քանիսն են:
Նախեւառաջ, Տիրանայում ներկայացված զեկույցում ներառված էին ոչ միայն դիտորդական առաքելության կատարած դիտարկումների ժամանակ արձանագրված փաստեր, այլեւ կարծիքներ ու գնահատականներ, որոնք արտահայտել են միանգամայն կողմնակի ու կողմնակալ անձինք:
Այս հանգամանքը, բնականաբար, դժվարացնում է զեկույցի, արտահայտված գնահատականների շուրջ որեւէ բանավեճ ծավալելը Եվրոպայի խորհրդում, քանի որ անձինք, ովքեր ներկա են նիստին, եւ ում հետ պետք է բանավիճել, այդ տեղեկատվության կրողները չեն:
Մասնավորապես զեկույցում տեղ է գտել մի գնահատական, թե ընտրական հանձնաժողովները զուտ տեխնիկական պատճառներով մերժել են ներկայացված բողոքները: Մինչդեռ զեկույցը ներկայացնողը չկարողացավ անգամ բացատրել, թե ինչ նկատի ունի՝ «տեխնիկական պատճառ» ասելով: Իսկ միակ պարզաբանումն այն էր, որ իրենք ուղղակի արտահայտել են ուրիշների կարծիքը:
-Ա՞յդ պատճառով դուք հայտարարեցիք, թե զեկույցը ներկայացնում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների խեղաթյուրված պատկերը: 
-Դիտորդական առաքելությունը հենց այն պատճառով է կոչվում «դիտորդական», ոչ թե՝ «լսորդական», որ առաքելության անդամները պետք է իրենք ինքնուրույն դիտեն, տեսնեն եւ արձանագրեն այն, ինչը տեսել են անձամբ: Մինչդեռ դիտորդները իրենց զեկույցը կառուցել են այլոց կարծիքների հիման վրա:
Հենց դա է պատճառը, որ ներկայացված զեկույցը զարմանք ու տարակուսանք է առաջացրել: Այն ոչ միայն խեղաթյուրված պատկեր է ներկայացնում, այլեւ ներառում է արտահայտություններ, որոնք եթե անգամ բացարձակորեն դրական երեւույթներն են նկարագրում, ապա միտումնավորությամբ ու հմտորեն դրանք ձեւակերպվել են այնպես, որ ընթերցողի մեջ վատ, բացասական տպավորություն առաջացնեն:
Ոչ միայն զարմանալի ու տարակուսելի, այլեւ աննախադեպ է, որ զեկույցը ներկայացնում է դիտորդական առաքելության ղեկավարը, սակայն առաքելության անդամներից շատերն ընդհանրապես տեղյակ չեն, թե իրենց անունից ինչպիսի գնահատականներ են ներկայացվելու:
Զեկույցի կողմնակալությունը բացահայտում է նաեւ այն փաստը, որ նույնիսկ ուրիշի խոսքը ներկայացվել է ոչ թե ուղղակիորեն, այլ որոշ բառեր փոխելուց, մի քանի նախադասություններ բաց թողնելուց ու խմբագրելուց հետո: Այս գործոններն են պատճառ դարձել, որ իմ ելույթը կոշտ է եղել:
-Դուք ձեր ելույթում շեշտել եք, որ զեկույցը լի է մանիպուլյացիաներով: Ի՞նչ միտում են հետապնդել զեկույցը նախապատրաստողները: ԵԽ ԽՎ-ն չի՞ թոթափել Հայաստանի ու հարեւանների միջեւ բալանս պահելու կարծրատիպը:
-Դժվար է գուշակել, թե այս անգամ ինչն է եղել նման միտումնավորության ու խեղաթյուրումների պատճառը: Բարոնուհի Նիքոլսոնը իր զեկույցում տարօրինակ մի միտք արտահայտեց: Նա ուղղակի նշեց, որ Հայաստանն այն աստիճանի արագ է առաջ ընթանում ժողովրդավարության ճանապարհով, որ անհրաժեշտ է առավելապես կոշտ գնահատականներով զեկույց, որպեսզի դա էլ ավելի խթանի մեր երկրի առաջընթաց զարգացումը: Ես բարոնուհու այս մոտեցմանը բացարձակապես համաձայն չեմ:
   -Այս զեկույցը կարո՞ղ է քաղաքական կամ այլ անցանկալի հետեւանքներ ունենալ մեր երկրի համար: 
-ԵԽ ԽՎ-ն այլեւս այս հարցին չի անդրադառնալու: Բյուրոն ուղղակի լսել է իր ժամանակավոր՝ դիտորդական հանձնաժողովի զեկույցը եւ այն ընդունել է ի գիտություն: Զեկույցի լրացուցիչ քննարկումներ չեն լինելու: Չեմ կարծում, թե մտահոգվելու պատճառ ունենք:
Զեկույցը նաեւ քաղաքական կամ այլ հետեւանքներ չի ունենա: Մենք նաեւ ինչ-որ հետեւություններ կատարելու պատճառ չունենք: Ուղղակի ցավալի է, որ դիտորդական առաքելությունը օբյեկտիվ զեկույց չի ներկայացրել: Դրանից տուժում է այդ միջազգային կառույցի վարկանիշը: Ոչ ավելին: Իսկ կատարված աշխատանքին գնահատական տվողը նախեւառաջ մեր երկրի բնակչությունն է:

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց աշխարհ» 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031