Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խոսքը… լռությունն է»

Մայիս 30,2012 12:04

Ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տարիներ շարունակ հպարտությամբ տարփողում էր իր կարգախոսը` «Մեր խոսքը գործ է»: Մայիսի 24-ին բոլորը վերջապես համոզվեցին, որ ԲՀԿ-ն «գործի» կուսակցություն է, երբ նրա առաջնորդը հայտարարեց, որ իր գլխավորած ուժը նպատակահարմար չի համարում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը:
«Գործն» արվեց: Իսկ հետո՞: Հետո այն, որ «գործին» հետեւեց քար լռությունը. կոալիցիային մաս չկազմելու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից անցել է մեկ շաբաթ, սակայն ԲՀԿ-ն շարունակում է լռել:
Կուսակցական վերնախավի անդամների, քարոզչական պատասխանատուների մեկշաբաթյա խորհրդավոր լռությունը, որեւէ հարցի չպատասխանելու որդեգրած կեցվածքը հիմա նույնիսկ ԲՀԿ հայտնի կարգախոսը վերափոխելու առիթ է տալիս: Այժմ այն հանգիստ կարելի է ձեւակերպել այսպես. «Մեր խոսքը… լռությունն է»:
ԲՀԿ-ականների նման վարքագիծը վկայում է, որ կամ կուսակցության ներսում ոչ ոք պատրաստ չէր առաջնորդի ընդունած որոշմանը, կամ էլ սպասում են Գագիկ Ծառուկյանի վերադարձին (որը, ինչպես հայտնի է, իր հայտարարությունից հետո մեկնել է արտերկիր), որ «խելք խելքի» տալով կարողանան հակադարձել ու պատասխանել այն բոլոր հարցադրումներին, գնահատականներին ու մեկնաբանություններին, որոնցով հեղեղված է հասարակական-քաղաքական դաշտը:
Ամեն դեպքում, առաջնորդի հայտարարությունն ուժգին շոկի մեջ է գցել նաեւ կուսակցության վերնախավի անդամներին, տարածքային կառույցների ղեկավարներին եւ շարքայիններին: Այնպիսի շոկ են ապրել, որ չեն կարողանում մինչ օրս հաղթահարել:
Եթե մի կուսակցություն իր քաղաքական հեռանկարին վերաբերող հարցում, այսպես ասած, վճռորոշ կամ բեկումնային որոշում է կայացնում, ապա տրամաբանական է, որ այդ ուժը պետք է նաեւ պատրաստ լինի «դիմագրավելու» այն ամենին, ինչը ենթադրաբար սպասվում է իրեն:
Այսինքն՝ որոշումն ընդունելու պահին պետք է նաեւ հստակ գիտակցի, թե իր կատարած քայլին ինչպիսի արձագանքներ են լինելու, իրեն ուղղված ինչպիսի հարցադրումներ են լինելու, իշխանական եւ ընդդիմադիր ճամբարները ներկայացնող ուժերն ու գործիչները ինչպես են գնահատելու իր ընդունած որոշումը: Եվ պետք է կարողանա իր համոզիչ կամ ոչ այնքան համոզիչ պատասխաններով բավարարել կամ չբավարարել հարցադրումների հեղինակների հետաքրքրասիրությունը:
Մինչդեռ, պարզվեց, ԲՀԿ-ն պատրաստ չէ դրան: Ապացույցը` մեկ շաբաթ շարունակվող լռությունն է:
Նշանակում է, իսկապես այս կուսակցության ներսում ոչ ոք չգիտեր իր ղեկավարի մտադրությունների մասին, եւ այդ որոշումը Գ.Ծառուկյանը կայացրել է միանձնյա` այդ մասին անգամ չակնարկելով կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչներից եւ ոչ մեկին:

Վրեժ ԱՀԱՐՈՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031