Արժեթղթերի շուկայի միջազգային փորձագետ Ռոբերտ Թրահոտան ուսումնասիրելով կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող միջազգային փորձը, այսօր «Էրեբունի պլազա» հյուրանոցում կազմակերպված «Կենսաթոշակային ակտիվների պահառությունը եւ կենսաթոշակային ֆոնդի ներդրումային քաղաքականությունը» թեմայով սեմինարի ժամանակ, որին մասնակցում էին ֆոնդային բորսայի, կենտրոնական դեպոզիտարիայի, ներդրումային ընկերությունների եւ բանկերի ներկայացուցիչներ, ասաց. «Հաճախ ինստիտուտում գրատախտակին գրվածը այն չէ, ինչին հանդիպում ես կյանքում»: Այսինքն՝ միջազգային փորձագետը նկատի ուներ, որ կենսաթոշակային բարեփոխումները, որոնք այդքան հստակ ամրագրված են մի շարք օրենքներով, հարթ չեն ընթանալու եւ անպայման բարեփոխումների փուլում որոշ խնդիրներ այնուամենայնիվ առաջանալու են:
Սակայն պարոն Թրահոտան աշխարհի փորձը համադրելով Հայաստանի՝ կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող օրենսդրության հետ, կարծիք հայտնեց, որ այն բավականին հաջողված է, սակայն որոշ առումներով փոփոխությունների կարիք կա:
Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային եւ աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի եւ Հայաստանի բանկերի միության հետ համատեղ: Արժեթղթերի շուկայի ավագ միջազգային փորձագետներ Ռոբերտ Թրահոտանն եւ Ռոբերտ Սինգլթերին ներկայացրին միջազգային հաջողված փորձը, առաջարկելով Հայաստանի համար լավագույն լուծումները: Լրագրողները Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանից, որը ԿԲ-ի մասով կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի պատասխանատուն է, հետաքրքրվեցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ, ասենք, Հունաստանում եւ Իսպանիայում ներդրված գումարները չեն փոշիանա՝ հաշվի առնելով այդ երկրների ներկայիս տնտեսական ճգնաժամային վիճակը, քանի որ կենսաթոշակների համար հավաքվող գումարները պետք է ի պահ տրվեն ֆոնդերի կառավարիչներին, որոնք էլ պիտի այդ գումարները ներդնեն Հայաստանում եւ օտարերկրյա պետություններում: Կենտրոնական բանկի ներկայացուցիչը վստահեցրեց, որ այդ բոլոր հարցերը հաշվի են առնված եւ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այդ գումարները դիվերսիֆիկացվում են, այսինքն դրանք ներդրվում են տարբեր ձեւերով՝ ռիսկերից խուսափելու համար:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ