«ՀՀ քաղաքացիների մեկ երրորդը երիտասարդներն են: Նրանց հուզող երեք հիմնական խնդիրներն են՝ նյութականը, սոցիալականը և մշակութայինը, որոնք անհնարին են դարձնում երիտասարդի լիարժեք զարգացումը` մտավոր, ֆիզիկական, հոգեբանական, գեղագիտական առումներով»,-ասում է պատմաբան Արայիկ Պետրոսյանը: Այնուամենայնիվ, պրն. Պետրոսյանի համոզմամբ` առաջնային դրդապատճառներից մեկը նյութականն է: «Երբ երիտասարդն, ավարտելով բուհը, չի կարողանում իր մասնագիտությամբ համապատասխան աշխատանք գտնել, ստիպված է լինում աշխատել ոչ իր մասնագիտությամբ: Արդյունքում նույն աշխատանքն արտերկրում կատարելու համար կստանա բավականին բարձր աշխատավարձ»,-ասում է նա:
armworld.am կայքում կարդում ենք՝ սոցիոլոգիական հարցումների արդյունքում այսօր համապատասխան թվերը հետեւյալ տեսքն ունեն. «ժամանակավոր, աշխատելու» մասին մտածում է երիտասարդ հարցվողների մոտ 75%-ը, «ուսման մեկնելու» մասին՝ 60%-ը, «ընդմիշտ»՝ մոտ 40%-ը։
Երիտասարդության շրջանում մի փոքրիկ հարցում էլ մենք անցակցրեցինք: Արդյունքում երիտասարդության հիմնական հատվածն իր ծրագրերի իրագործումը տեսնում է ՀՀ սահմաններից դուրս: «Ես պատրաստվում եմ ուսումս շարունակել արտերկրում: Եթե հաջողվի, գործ կսկսեմ հենց այնտեղ, քանի որ այդ հայրենասիրություն եւ այլն ինձ համար չեն: Չեմ կարծում՝ կկարոտեմ Հայաստանը: Մարդ ամեն ինչի հետ մերվում է ժամանակի ընթացքում»,-ասում է մասնագիտությամբ տնտեսագետ Պետրոս Ղուկասյանը:
Երիտասարդների կարծիքով բոլոր բնագավառներում թերությունները շատ են, սկսած կրթական համակարգից, որի հետ ամեն օր առնչվում են:
Ահա հիմնական հնչած կարիքներն ու արտահայտությունները. «Չեմ սիրում Հայաստանը», «Ցանկությունս մեծ է, այլ երկրում աշխատելու, քանի որ այստեղ մասնագետները չեն գնահատվում», «Արված աշխատանքի դիմաց ստանում ես չնչին աշխատավարձ», «Ինչու՞ վատ ապրել, եթե բոլոր հնարավորություններն ունես լավ ապրելու »…եւ նմանատիպ մի շարք օրինակներ:
Երկրի մասին երիտասարդների կարծիքները միանշանակ բացասական չէին. «Ես հայ եմ,ես երիտասարդ եմ, ես եմ վաղվա իմ երկրի տերը: Երբևէ չեմ լքելու հայրենիքս,ինչ էլ որ պատահի, թեկուզեւ ցամաք հացին կարոտ լինեմ: Եթե ամեն մի հայ երիտասարդ մտածի, որ արտերկրում կգտնի իր «բաժին երջանկությունը»,ապա վաղը ի՞նչ վիճակում կլինեն մեր որդիները»,-ասում է 19-ամյա Անահիտ Աղաբեկյանը: Նա կարծում է, որ Հայաստանը չպետք է համեմատել զարգացած երկրների հետ, քանի դեռ այն իր զարգացման ճանապարհին է: «Ազգային հերոս Մոնթեի հայրը իր որդուն հորդորում էր չգալ Հայաստան, այլ մնալ Ամերիկայում և փայլուն կարիերա կերտել, սակայն Մոնթեն ասաց. «Հայ՛ր, դուք պիտի անեիք այն, ինչը ես եմ հիմա պատրաստվում անել… »,-ոգեւորությամբ ասում է նա:
Հարցման արդյունքում վերջնական պատկերն այնպիսին էր, որ երիտասարդների միակ «խնդրանք-պահանջը» հայրենիքում գնահատված լինելն է: «Երբ ունես կրթություն, համապատասխան գիտելիքներ եւ այն գնահատվում է, պատրաստ ես այն ծառայեցնելու հայրենիքին»,-ասում են հարցման մասնակիցները:
Քրիստինա Միրզոյան