Լրահոս
Օրվա լրահոսը

Դելֆինարիումը գործում էր բնակիչների ջրի հաշվին

Մայիս 30,2012 11:31

Արշակունյաց պողոտայում գտնվող դելֆինարիումի գործունեությունը դադարեցնելուց հետո այդ պողոտայի ու դրան հարակից փողոցների շենքերի բնակարաններում ջրի հոսքն էականորեն ավելացել է: Օրերս «Հայացք»-ին էին դիմել Արշակունյաց 46/1 շենքի բնակիչները՝ նշելով այս մասին:

«Նախկինում լվացքի մեքենան նորմալ չէր աշխատում, ջուրն այնքան քիչ էր, որ մեքենան կա՛մ չէր միանում, կամ էլ ամեն պահի կարող էր պարզապես կանգ առնել: Էլ չենք ասում, որ, ամենակարևորը, ջուրը սկսել է շատ ուշ կտրվել կամ ընդհանրապես չկտրվել: Իսկ մինչ այդ երեկոյան ժամը 10-11-ից արդեն ջուր չունեինք»,- պատմում էին նրանք:

Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներից առաջին անգամ չէ, որ ջրի հոսքի թուլացման մասին բողոքներ էին հնչում: Նույն Արշակունյացի բնակիչները շատ լավ են հիշում, որ դելֆինարիումի շահագործման սկզբնական շրջանում իրենք օրերով ջուր չէին ունենում անհասկանալի պատճառներով. «Լուրջ վթար չկար, որը վերացնելու համար այդքան երկար ժամանակ պահանջվեր: Դրանից հետո էլ ջուրը պակասեց»: Նրանք լուրջ կասկածներ ունեն, որ ջրի երկարատև անջատումներն ու նվազումը կապ ունեին դելֆինարիումի հետ, որը ջրի հսկայական քանակ էր օգտագործում:

Ժամանակին «Հայացք»-ը «Երևան ջուր» ընկերությունից հետաքրքրվել էր, թե դելֆինարիումի շահագործումը կարո՞ղ է լինել բնակիչներին մատակարարվող ջրի հաշվին, և ստացել էր բացասական պատասխան, ինչը իհարկե սպասելի էր, քանի որ նման բաները պարզապես հրապարակավ չեն ասվում: Սակայն տրամաբանական է, որ դելֆինների նման զգայուն կենդանիներին պահելու համար հենց խմելու ջուր պետք է օգտագործվեր: Պարզ է, Գետառի կեղտոտ ջուրը չէին բերելու կամ էլ ոռոգման ջուր օգտագործեին: Կամ էլ դելֆինարիումն աշխատեցնելու համար նոր ջրագիծ չէին անցկացնելու: Այս ամենը շատ պարզ ապացույցն է այն բանի, որ դելֆինարիումը շուրջ 2 տարի գործում էր հենց հարակից տարածքի բնակիչների ջրի հաշվին:

Նկատենք՝ նույնպիսի վիճակ է ստեղծվել նաև «Ջրաշխարհի» պատճառով: Տարիներ շարունակ ջրային խոշոր այդ օբյեկտի շահագործման մեկնարկը օրվա ու նույնիսկ ժամերի ճշգրտությամբ համընկնում է կոնկրետ Ավան վարչական շրջանի մի շարք թաղամասերի բնակիչներին մատակարարվող ջրի դադարեցման կամ հոսքի կտրուկ նվազման հետ: Սակայն որքան էլ բնակիչներն ահազանգում են այդ մասին, «Երևան ջուրը» համառորեն հերքում է, թե «Ջրաշխարհի» ջուրը կապ ունի Ավանի կամ Նորքի որոշ թաղամասերի ջրամատակարարման հետ:

Բայց հարց է ծագում` իսկ որտեղի՞ց է ջուր մատակարարվում ջրային այդ խոշոր կառույցներին, օդի՞ց: Օդով նոր ջրագծեր են անցկացվել, որից մենք տեղյակ չե՞նք: Կամ «Երևան ջուրը» կհրաժարվե՞ր նման խոշոր գործակցությունից, որից շատ ավելի մեջ գումարներ կարող է ստանալ ջրի վարձի տեսքով, քան, ասենք, մի քանի տասնյակ, նույնիսկ հարյուրավոր բնակարաններից միասին վերցված: Սա այս համակարգում ստվերի առկայության մասին նոր դատողությունների առիթ է տալիս ու կարծես նաև որոշ առումով պատասխանում է այն հարցին, թե ուր է կորչում մեր ազգային հարստություն ջրի մոտ 80%-ը:

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031