Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր երեկոյան կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կհստակեցվեն ՀՀԿ համամասնական ցուցակով մանդատ ստացող անձանց անունները, կորոշվի նաեւ ՀՀ ԱԺ նախագահի` ՀՀԿ-ի կողմից առաջարկվող թեկնածուն:
Aravot.am-ի տեղեկություններով, գործադիր մարմնի նախորդ նիստում թեեւ նախագահ Սարգսյանը բացահայտ ոչինչ չի ասել, սակայն քննարկումներն ու ակնարկները ներկաների վրա տպավորություն են թողել, որ ՀՀԿ-ի թեկնածուն ԱԺ նախագահի պաշտոնում լինելու է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ փոխխոսնակ Հովիկ Աբրահամյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, անցած երկու օրերի ընթացքում կուսակցությունում քննարկումներ չեն եղել, բայցեւ որեւէ իրադարձություն տեղի չի ունեցել, ինչը կարող էր ազդել նախագահի նախնական որոշման վրա: Այնպես, որ, ենթադրվում է, որ այսօր երեկոյան արդեն ՀՀԿ-ն կհրապարակի, որ հինգերորդ գումարման ԱԺ նախագահը լինելու է Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ ԳՄ նախորդ նիստից հետո Հովիկ Աբրահամյանը բարձր տրամադրություն ուներ եւ բավականին երկար զրուցեց լրագրողների հետ, պատասխանեց հարցերին, հումորներ արեց:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ