«Օրինաց Երկիր» կուսակցության անդամները սկսել են բացահայտ կերպով կասկածի տակ առնել Հանրապետական կուսակցության լեգիտիմությունը, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն դեռ շատ է ափսոսալու, որ իշխանությունը կիսում է միայն ՕԵԿ-ի հետ։
ՕԵԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Իշխան Խաչատրյանը, խոսելով ԱԺ ընտրությունների մասին, հայտարարել է, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք են բաժանել այն ուժերը, որոնք տարան առավելագույն ձայներ։ Ինչպես հայտնի է, ԱԺ ընտրություններին, ըստ պաշտոնական տվյալների, առավելագույն ձայներ ստացել են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն։ Ուրեմն Իշխան Խաչատրյանի կարծիքով՝ հենց այս երկու ուժերն էլ բաժանել են ընտրակաշառքը։
ՕԵԿ այս պահվածքը խիստ ուշագրավ է եւ անուղղակի կերպով խոսում է նրանց երախտամոռության մասին. բանն այն է, որ ՕԵԿ-ն ԱԺ-ում հայտնվեց բացառապես ՀՀԿ-ի շնորհիվ, այն էլ՝ հազիվհազ։ Ու հիմա, երբ ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն հազիվ 5 տոկոսի շեմը հաղթահարած ուժին իշխանությունից մաս է բաժին հանում, դեռ ավելին՝ նրա հետ նույնիսկ քննարկում հատկացվելիք պորտֆելներն ավելացնելու թիվը, ՕԵԿ կողմից նման հայտարարություններն առնվազն անպարկեշտ են։ Առավել եւս, երբ հիմա այլեւս նախընտրական շրջան չէ, եւ դժվար է ասել, թե նման պահվածքի որդեգրումը տեղավորվում է բացառապես նախընտրական տրամաբանության մեջ։ Ինչպես հայտնի է, մեր երկրում ընդունված է այդ ժամանակահատվածին բնորոշ տոնայնության մեջ խոսել բոլոր այն փակ թեմաների մասին, որոնք նախկինում «արգելված» են։
Երեկ Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կոռեկտության կոչ արեց նման հայտարարությունների հեղինակներին՝ խորհուրդ տալով խոսել փաստերով, ավելին, դրանք ներկայացնել իրավապահներին, այլ ոչ թե վերացական հայտարարություններ անել։ Նա նաեւ ասաց, որ լավ կլիներ՝ յուրաքանչյուրն իր ձախողումների ու խնդիրների պատճառը սթափ վերլուծեր, հետո մեղքը գցեր ուրիշների վրա։ «Խորհուրդ կտամ հիշել, որ ընտրություններն ավարտվել են, այնպես որ թող նախ մտածեն, հետո խոսեն»,- ասաց Շարմազանովը։ Նա հույս հայտնեց, որ հնչեցվածը ոչ թե ՕԵԿ տեսակետն է, այլ Իշխան Խաչատրյանի անձնական կարծիքը։
Կարդացեք նաև
Սակայն ՀՀԿ-ն հերթական անգամ հիսաթափվելու առիթ է ունենում։ Բանն այն է, որ խորհրդարանական ընտրություններից հետո տարածած հայտարարության մեջ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը եւս խոսել էր ընտրակաշառքի մասին։ Ճիշտ է՝ առանց կոնկրետացնելու, բայց հստակ ակնարկներով։ Այսինքն՝ Արթուր Բաղդասարյանը եւս ասել էր, որ ՀՀԿ-ն հանցագործ է եւ ընտրակաշառք է բաժանել։ Հետաքրքիր է, թե այսքանից հետո ինչպես է նա հերթական անգամ սեղմելու հանցագործի ձեռքը՝ նրանից պաշտոններ վերցնելով։
«Ժողովուրդ»