Մի կողմ դնելով Գարիկ Մարտիրոսյանի՝ տաղանդավոր հումորիստ լինելու փաստը, այնուամենայնիվ հետաքրքիր է՝ ի՞նչն է ստիպել դպրոցն անվանակոչել հումորիստի պապի անունով՝ կրթօջախին նվիրաբերված 6 համակարգի՞չը։ Եթե այդպես է, ապա յուրաքանչյուր ոք, ով 6 համակարգիչ նվիրաբերի մեր դպրոցներին, կարո՞ղ է հավակնել այդ դպրոցն իր պապի կամ տատի անունով անվանակոչելուն։ Չէ՞ որ հանրապետությունում եթե ոչ հարյուրավոր, ապա գոնե տասնյակ վաստակաշատ ուսուցիչներ կգտնվեն, որոնց անունով կարող են դպրոցներ անվանակոչվել։ Ի վերջո ի՞նչ չափանիշներով եւ ի՞նչ սկզբունքով են անվանակոչվում մեր դպրոցները, ինչպե՞ս են գնահատում մարդու արած գործը, եւ ո՞վ է տալիս այդ գնահատականն ու թույլտվությունը։
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից մեզ տրամադրեցին դպրոցի անվանակոչության կարգի հետ կապված այն չափանիշները, որոնց առկայության դեպքում կարող է անվանակոչվել դպրոցը, մասնավորապես. «Հայտնի գիտնականների, անվանի գրողների, արվեստի գործիչների, մանկավարժության տեսության մեջ եւ պրակտիկայում ներդրում կատարած վաստակաշատ մանկավարժների, պետական, քաղաքական գործիչների, ինչպես նաեւ հայրենիքի պաշտպանությանը բացառիկ ծառայություն մատուցած եւ ազգային հերոսի կոչման արժանացած անձանց անունով։ Անվանակոչումները կատարվում են միայն մահացած մարդկանց անունով, մահվանից առնվազն 3 տարի անց»: Պարզվեց՝ կրթության եւ գիտության նախարարությունում դեռ տեղյակ չէին Իջեւանի դպրոցի անվանակոչության մասին, ինչպես մեզ հետ զրույցում նշեց հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, իրենց դեռ չեն գրել այդ մասին. «Միշտ մեր կարծիքը հարցնում են, մենք ըստ չափանիշների տալիս ենք, բայց դեռ նման բան չկա, կարող է իրենք էդպես որոշել են, բայց դժվար առանց մեզ նման բան անեն, ավագանին է վերջնական որոշում կայացնում, բայց մեզ հարցնելով։ Կարծում եմ՝ առաջիկայում կգրեն մեզ, կհիմնավորեն, հիմա երեւի որոշում են, մտածում են, սակայն եղել են նաեւ դեպքեր, որ մերժվել են մեր կողմից, բայց հիմնականում չափանիշները չեն խախտվում»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
«Հրապարակ»