Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրոն» գործարանի պայթյունը երեւի պայմանավորված է արտադրանքի բնույթով

Մայիս 30,2012 10:52

Գործարանի աշխատակիցները, մերձակայքի բնակիչները, լսելով մեր թղթակցի հարցերը, շտապել են հեռանալ՝ ոչ մի հարցի չպատասխանելով։ Իսկ տղամարդկանցից մեկին, որը համաձայնել է ցույց տալ, թե տարածքում գտնվող բազմաթիվ քաղաքացիներից ով է գործարանի տնօրենը, շտապ մի կողմ են քաշել ոստիկանության աշխատակիցները եւ զգուշացրել, որ նա որեւէ մեկի հետ չշփվի, որեւէ տեղեկություն չհաղորդի: Թե ինչն է պատճառը, հասկանալի չէ։ Հավանաբար, ամեն ինչ գաղտնի պահելու «հին ու բարի» սովորության ուժն է գործում։

Գործարանին մոտ բնակվող միայն մեկ քաղաքացի է համաձայնել զրուցել մեր թղթակցի հետ։ Նա պատմել է, որ գործարանի այն մասնաշենքում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, աշխատում է շուրջ 30 մարդ, դեպքի ժամանակ էլ նրանք շենքում են եղել, բայց՝ այլ հատվածում։ Մեր թղթակցի հարցին՝ ինչի՞ հետեւանք կարող էր լինել պայթյունը, տղամարդը ասել է, թե պայթյունը երեւի պայմանավորված է արտադրանքի բնույթով. «Դե, երեւի տենց մի բան ա պայթել»։ Նա պատմել է նաեւ, որ լսել է պայթյունը, ավելին՝ լսել է երկու պայթյուն։ Տղամարդը տեղեկացրել է նաեւ, որ նմանատիպ դեպք վերջին անգամ գրանցվել էր շուրջ հինգ տարի առաջ, ինչ-որ պայթյունի հետեւանքով մարդ էր վիրավորվել: Ի դեպ, այնպիսի տպավորություն է՝ կարծես, բոլորը գիտեն, թե ինչ է արտադրվում այդ գործարանում, բայց դրա մասին հրապարակային խոսել չի կարելի։

Դեպքի վայրում մեր թղթակիցը տեսել է ոստիկանության եւ ԱԻՆ բազմաթիվ աշխատակիցների։ Քիչ անց ժամանել է նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ, նախկինում Մարտի 1-ի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը։ «Խնդրում եմ, տարածքը ազատեք, այստեղ գործողություններ պետք է արվեն։ Հետո ձեզ տեղեկություններ կտրամադրվեն»,- ասել է նա։ Հարցին, թե տեղի ունեցածի վերաբերյալ գոնե նախնական վարկած կա՞, Հարությունյանը պատասխանել է՝ ոչ։ «Իսկ նոր պայթյունի վտանգ կա՞»,- հարցին էլ վարչության պետը այսպես է արձագանքել. «Այս պահին չկա, դրա համար կգան մասնագետներ, կստուգեն՝ այդ ամեն ինչը բացառելու համար, հետո՝ երբ որ ամեն ինչ անվտանգ կլինի, գործողությունները կվերջացնենք, ձեզ էլ կտեղեկացնենք, որեւէ վարկած, առավել եւս՝ միտումնավորության, չկա։ Այսքանը»։

Ավելի ուշ Վահագն Հարությունյանը մեր թղթակցին ասել է, որ պայթյունի առնչությամբ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի հատկանիշներով՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ։ Այժմ գործով նախաքննություն է ընթանում։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031