Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանի պատասխան բացահայտումը՝ Գայանե Առուստամյանի «մութ գործերի» մասին

Մայիս 29,2012 23:51

ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանի այսօրվա հայտարարությանը Aravot.am-ի հետ զրույցում Ավանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված «Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանը պատասխան «հակահարվածն» է տալիս: Հիշեցնենք, որ Գայանե Առուստամյանը հայտարարություն էր արել, թե ինչպես ԲՀԿ-ի հետ գործարքի գնալով՝ Ստյոպա Սաֆարյանի ձայներն ավելացել են:

Ստյոպա Սաֆարյանն էլ նշեց. «Ես ծանոթ եմ մի հանդիպման մանրամասներին, որը նա ունեցել է ԲՀԿ շտաբերից մեկում՝ գիշերվա ժամը 3-ին: Ուղղակի խնայելով իրեն՝ չեմ պատմի: Հիմա նա ուզում է ի՞մ վրա ցեխ շպրտել: Ի տարբերություն իրեն, որը հանդիպումներ է ունեցել քաղաքական դիլլերների հետ, թե ով ինչքան ձայն կտա, ես հանդիպումներ եմ ունեցել ժողովրդի, բնակիչների հետ: Իմ ստացած 10 հազար ձայնը իմ կյանքի լուսավոր կետերից մեկն է, եւ ես շարունակելու եմ հանդիպել ու կապը պահել ինձ իսկապես քվեարկած այդ 10 հազար մարդկանց հետ: Ցավում եմ, որ Գայանե Առուստամյանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Առավել եւս լրագրողին, որը հայտ է ներկայացրել քաղաքականություն մտնելու, դա պատիվ չի բերում: Ցնցված եմ այն նկարագրությունից, թե ինչպես է նա աշխատել ընտրարշավի ժամանակ: Չեմ կարող պատկերացնել քաղաքական դիլլերների նման սակարկություն նկարագրելը, հետո ուղղակի քցվածի հոգեվիճակ ներկայացնելը մամուլում»:

Պարոն Սաֆարյանը վստահեցրեց, որ իր տեղեկություններով՝  թիվ 1 ընտրատարածքում ընդդիմության ներկայացուցիչ Գայանե Առուստամյանը պայքարել է ոչ թե ՀՀԿ թեկնածու Ռուբեն Հայրապետյանի դեմ, այլ՝ իր. «Վերջին ալիքից առաջ նույնիսկ տներում էին քարոզ արել` չընտրել ինձ: Եվ այդ մասին մեր ընտրողները անմիջապես տեղեկացրել էին Անահիտ Բախշյանին»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է սա ՀԱԿ-ի կողմից ուղղորդված հայտարարություն լինի եւ ոչ թե անձնավորված միայն Ձեր դեմ, այլ՝ «Ժառանգության», պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Իրենք չեն կարող համակերպվել, որ 10 հազար ձայները ազնիվ, վաստակած ձայներ են: Չեն ուզում հասկանալ, որ մարդիկ տեսել են 3 թեկնածուին էլ, կարդացել են 3-ի կենսագրությունն էլ, նոր են ընտրություն կատարել: Գայանե Առուստամյանի խոսքերից ստացվում է, որ ընտրողները ոչխարի հոտի նման մի բան են, ինքն էլ հուսահատված հովիվի նման զարմացած է, թե ինչու հոտը իր մոտ չի եկել: Ես իմ ընտրողների մասին այդ կարծիքը չունեմ: Մինչեւ ընտրությունների օրը իմ մրցակիցները, այդ թվում` ՀԱԿ-ից, շարունակում էին հակաքարոզչությունը «Ժառանգության» ու իմ դեմ: Ընտրությունների նախորդած օրերին մեր վրա եկավ հակակաքարոզչության վերջին ալիքը, երբ իմ եւ «Ժառանգության» համակիրները ահաբեկված զանգում էին շտաբ ու ու ասում, որ միտումնավոր տարածում են, թե «Ժառանգությունն» ու Ստեփան Սաֆարյանը իրենց ձայները փոխանցելու են ՀՀԿ-ին` «իրենց ձայն մի տվեք»: Եվ այս ամենի մասին չենք բարձրաձայնել՝ մտածելով, որ Գայանե Առուստամյանն իր թիմով վերջ կտա այս ամենին: Իսկ նրա թիմում ներգրավված էին նաեւ նրանք, ովքեր 2009-ին հեռացվեցին «Ժառանգությունից»` կուսակցությանը դեմ գործելու եւ այլ «մութ» պատմություններում ներգրավված լինելու պատճառով եւ, որոնք հանգրվանեցին ՀԱԿ-ում: Թե ինչու էին այդ մարդիկ «գործուղվել» թիվ 1 ընտրատարածք, ում որոշմամբ, եւ ինչ էին նրանք անելու «Ժառանգության» ու իմ դեմ քարոզարշավի ժամանակ՝ գոնե, ինձ պարզ էր…. Եվ ես ստացել եմ 10.000 ձայն այսպիսի պայմաններում, երբ երկու մրցակից թեկնածուն էլ, ճակատագրի հեգնանքով գործում էին իմ եւ «Ժառանգության» դեմ: Հետեւությունները թողնում եմ ընթերցողին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031