Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպան Ռուբեն Մարտիրոսյան. «Սա աբսուրդի թատրոն է, սա խեղկատակություն է»

Մայիս 29,2012 23:39

Մայիսի 29-ին Իջեւանում կայացավ լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հերթական նիստը, որի ժամանակ  հարցաքննվեց գործով առանցքային վկա  Արթուր Մկրտչյանը: Դատարանում ներկայացվեց գրություն  այն մասին, որ գործով առանցքային մյուս վկա Արման Մնացականյանն  վատառողջ է, ստացիոնար բուժման կարիք ունի: Արթուր Մկրտչյանի մայրը  դատարան  գրություն էր ուղարկել, որ ամբաստանյալ զինվորների ծնողներն իր որդու վրա ճնշումներ են գործադրում, ուստի դատարանը պետք է նրա նկատմամբ պաշտպանական միջոցառումներ կիրառի: Տուժողի իրավաջորդի ներկայացուցիչ, պաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը փորձեց միջորդություն ներկայացնել, որպեսզի սույն գործով  դատական նիստերը տեղափոխվեն Երեւան, այնուհետեւ դատավոր Սամվել Մարդանյանին ինքնաբացարկ հայտնեց: Սակայն այս միջնորդությունները դատարանի կողմից չընդունվեցին:

Վկա Ա. Մկրտչյանը հարցերին պատասխանելիս շատ կաշկանդված էր,  չէր համարձակվում նայել տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի, վերջինիս ներկայացուցչի, ամբաստանյալների կողմը: Գործով ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանն այս առթիվ ռեպլիկ հնչեցրեց, թե Արթուր Մկրտչյանը ամաչում է իրենց  նայել:  Ռուբեն Մարտիրոսյանը հրապարակեց Արթուր Մկրտչյանի  անցյալ տարի գրած այն գրությունը , որտեղ  վերջինս նշել էր, թե  ամբաստանյալ 3 զինծառայողների վերաբերյալ մեղադրական բնույթի  ցուցմունքները  ինքը գրել է  քննիչների ծեծի եւ ճնշման տակ: Դատարանում Արթուր Մկրտչյանը հայտարարեց, թե այդ գրությունը ինքը գրել է  ամբաստանյալ 3 զինվորների ծնողների ճնշման տակ, որպեսզի  վերջիններս «իրենից ձեռք քաշեն»: «Պարոն դատավոր, հավայի դուրս է տալիս»,-այդ պահին զայրացած ասաց ամբաստանյալ զինվոր Ադիբեկ Հովհաննիսյանը: Պաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը տարակուսանք հայտնեց, թե այդ գրությունն ինչպես է անհետացել գործի 10 հատոր նյութերից:   Ռուբեն Մարտիրոսյանը  վկային հիշեցրեց, որ վերջինս 2011թ. դեկտեմբերի 14-ին    «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Նաիրա Բուլղադարյանի հետ  հարցազրույցում հայտնել է, որ   ռազմական ոստիկանության աշխատակից կապիտան  Բադալյանն ու գործով քննիչ  Սարգիս Մադաթյանն  ծեծելով իրեն ստիպել են ծառայակից 3 զինվորների դեմ ցուցմունքներ տալ: Ռ. Մարտիրոսյանը վկային հարցրեց՝ այդ   հարցազրույցն էլ ինքը ճնշման տակ է տվե՞լ: Ա. Մկրտչյանը ոչ համոզիչ կերպով ասաց, որ դատարանի շենքի դիմաց, Երեւանի այգիներից մեկում տեղի ունեցած այդ  հարցազրույցի ժամանակ իր դեմ-դիմաց գտնվել են ամբաստանյալ զինծառայողների ծնողները, որ դա ճնշում էր իր հանդեպ: Ռուբեն Մարտիրոսյանը  հայտարարեց, որ այդ հարցազրույցը կայացել է  անկաշկանդ ձեւով,  կա դրա տեսագրությունը եւ  միջնորդեց դա կցել քրեական գործին: Դատավոր Մարդանյանը հայտարարեց, որ դրան կանդրադառնան դատական հետագա փուլում: Վկան ցուցմունքներ տալով  հաճախ էր օգտագործում  «չեմ հիշում» բառակապակցությունը: Երբեմն  դա ասում էր այնպիսի դեպքերում, երբ չհիշելն անհնար էր: Օրինակ, երբ պատասխանում էր այն հարցին, թե  օրերս ե՞րբ է Ղարաբաղ բանջար հավաքելու գնացել:

Ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը մի քանի հարցեր ուղղեց վկային, որոնց պատասխանելով վկան ասաց, որ  ինքը շուրջ  25 օր գտնվել  է Բերդի ռազմական ոստիկանության կալանատանը, վկայի խոսքերով՝ «գաուբախտում»: 10 օրից հետո նրա մոտ են բերել իր եղբորը՝ նույնպես զինծառայող Վարդան Մկրտչյանին: Վերջինիս  ռազմական ոստիկանություն տանելու պատճառն անհասկանալի  է, քանի որ Վարդանը չի եղել դեպքի վայրում, ծանոթ չի եղել Արտակ Նազարյանի մահված հանգամանքներին: Վկա Արթուր Մկրտչյանի խոսքերով՝  ռազմական ոստիկանությունում գտնվելու առաջին 10 օրվա ընթացքում  իրեն  օրական մի քանի անգամ հարցաքննել են: Սակայն քրեական գործում առկա է  նրա միայն 8 հարցաքննության արձանագրություն: Դատական նիստը շատ լարված էր ընթանում, հաճախ վիճաբանություններ էին տեղի ունենում պաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի  եւ դատավոր Սամվել Մարդանյանի, Ռուբեն Մարտիրոսյանի եւ մեղադրող Հարություն Հարությունյանի միջեւ: Դատական հաջորդ նիստում, որը կկայանա մայիսի 30-ին, կշարունակվի  Արթուր Մկրտչյանի հարցաքննությունը :

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031