Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական լսումները Ծավում անցան բուռն (Տեսանյութ)

Մայիս 29,2012 22:30

Կապանի Ծավ գյուղում ավարտվեցին հասարակական լսումները Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայրի աշխատանքային նախագծի վերաբերյալ: Լսումների հենց սկզբին Կապանից քննարկմանը մասնակցելու մեկնած կառույցների պատասխանատուները նշեցին, որ հասարակական լսումների մասին ըստ արժանվույն տեղեկություն չէր տրամադրվել` հատկապես ժամկետի մասով, իսկ Ծավի գյուղապետ Արարատ Մարտիրոսյանը  մեկ անգամ եւս հավաստիացրեց, որ իրեն գրավոր չէին ծանուցել: Նրա ասածին ի պատասխան՝  հետազոտություն իրականացնող կառույցի մասնագետները պնդում էին, որ տեղեկացրել էին գյուղապետին, միայն թե` բանավոր: Գյուղապետարանում  հավաքված մասնակիցների մի մասը դեմ է եղել հանքի հնարավոր շահագործմանը՝ հիմնավորելով, որ այն  կաղտոտի ու բավականին մեծ վնասներ կհասցնի բնակիչների առողջությանն ու հարուստ կենսաբազմազանություն ունեցող շրջակա միջավայրին: Մյուս մասին էլ ավելի շատ մտահոգում էր աշխատանքի առկայությունը, որպեսզի գյուղացիները չշարունակեն լքել գյուղը:

Ծավի բնակիչ 57-ամյա Սպարտակ Ավետիսյանը կողմ է գյուղացիների համար աշխատատեղեր ստեղծելուն, բայց առանց իրենց հողն ու ջուրը թունավորելու ու վնաս հասցնելու:  «Երկու տարում 20 ընտանիք դուրս եկավ մեր գյուղից, ամբողջ պատերազմի տարիներին միակ գյուղն էր, որ ոչ մի մարդ չգնաց գյուղից, ընդհակառակը` դրսից եկան ապրելու, իսկ էսօր, խաղաղ պայմաններում, էդքան ընտանիքների գնալը հանցագործություն ա: Կռվեցին էն տարիներին, պայքարեցին, բայց էսօր մեզ բանի տեղ չեն դնում՝ ո՛չ ժողովրդի կարծիքն են հաշվի առնում, ո՛չ էլ մտածում են՝ ինչպես անեն, որ երիտասարդները մնան գյուղում: Ես հանքի շահագործմանը, որը պիտի վնասի գյուղին, բնությունը աղտոտի, դեմ եմ, բայց եթե հնարավոր է 2 տարի հետազոտական աշխատանքներ իրականացնեն առանց վնասելու` թող անեն, իսկ հանքի շահագործմանը միանշանակ դեմ եմ»,- ասում է բնակիչը:

Ըստ պատասխանատու կողմի` հանքը նախատեսվում է շահագործել 14 տարով, իսկ առաջիկա 3 տարիներին կիրականացվեն ուսումնասիրություններ, որից հետո պարզ կլինեն հետագա անելիքները: Ինժեներ-տեխնոլոգ Վռամ Թեւոսյանը նշեց, որ պայթեցումների մակարդակը եւ լիարժեք լիցքը բավական փոքր են` համեմատաբար այլ հանքերի, բայց, այնուամենայնիվ, ազդեցություն ունենալու են: «300-350 մ շառավղով փոշին տարածվելու է  եւ նստվածք տա շրջակա միջավայրին: Հողի հանման ժամանակ ինչքան էլ փորձենք ջրցան կազմակերպել՝ լինելու են փոշու արտանետումներ, որոնք նույնպես տարածվելու են. դրա հաշվարկը արված է՝ ինչքան են տարածվելու եւ ինչ նորմերի մեջ են լինելու: ՀՀ  կողմից ընդունված՝ բնակավայրերի նորմերի խախտում չի լինելու: Ցանկացած հանք իր վտանգն ունի, բայց մեր հաշվարկներով՝ այս հանքը  չի կարող որեւէ  աղետալի հետեւանքներ ունենալ»,- պարզաբանել է պարոն Թեւոսյանը, ում ասածների հետ ներկաներից շատերը համամիտ չէին:

Երկրաբան Լիպարիտ Մարկոսյանը տեղեկացրեց, որ նախապես պայմանավորվածություն կար «Լիճքվազ-Թեյ» ոսկու հանքավայրի նախկին սեփականատեր Սիլվա Համբարձումյանի հետ, որ հանքաքարը վաճառվի իրենց, բայց նա ներկայումս այլ կազմակերպություն է ձեռք բերել, որի հետ դեռ պայմանավորվածություն չկա: «Շատ հնարավոր է, որ 3 տարի հետո չհաստատվեն, որ անհրաժեշտ պաշարները կան, եւ բոլոր երկրաբանները թողնեն-գնան: Այսօր միայն երկրաբաններ են աշխատում, մենք 14 տարվա նախագիծ ենք արել, որի առաջին 3 տարին  միայն հետազոտական աշխատանքներ պետք է իրականացվեն, տեխնիկա չի աշխատելու: Իսկ  3 տարի հետո, եթե հաստատվի, որ անհրաժեշտ պաշարներ կան, հանքը պետք է շահագործվի: Չի բացառվում նաեւ, որ մի տարի հետո մենք թողնենք-գնանք` պաշարներ չլինելու պատճառով»,- հավելեց երկրաբանը:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) տնօրեն Կարեն Մանվելյանը ներկաներին հիշեցրեց, որ Գերմանիայի Զարգացման բանկը մեծ ծրագիր է սկսում այս տարածաշրջանում` կենսոլորտային պահպանավայրի ստեղծման ուղղությամբ, որի շրջանակներում ներդրումային 8 մլն-ի կեսը նպատակաուղղվելու  է 4 թիրախային համայնքների զարգացմանը, 4 մլն-ն էլ՝ պահպանվող տարածքներին: «Գիտենք, որ այստեղ աշխատատեղերի կարիք կա: Այս ձորը Կապանի տարածաշրջանի միակ ձորն է, որը մաքուր է մնացել հանքերից, դրա համար էլ գերմանացիները գումար են դնում, որ զարգանա ե՛ւ տուրիզմը, ե՛ւ բնությունը,  ե՛ւ մարդկանց կենսակերպը: Գյուղի զարգացումը տարբեր փոքր բիզնես-ծրագրերի իրականացման մեջ եմ տեսնում, որոնք կապահովեն աշխատատեղերով եւ սոցիալական խնդիրներ կլուծեն: Դա է այս ձորի ապագան, ոչ թե հանքը:

«Շիկահող» պետարգելոցի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանը խիստ մտահոգ է հանքի հնարավոր շահագործման խնդրով, համոզված է` վնասներն անխուսափելի կլինեն, կաղտոտվի այսքան խնամքով պահպանված, նախանձելի կենսաբազմազանություն ունեցող, Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներով, կենդանատեսակներով առանձնացող վայրի բնությունը:

Ծավի գյուղապետ Արարատ Մարտիրոսյանը իր ամփոփիչ խոսում նշեց, որ թեեւ կարեւոր են աշխատատեղերը, բայց մարդկանց առողջության ու աղտոտված ջրում ու հողում ապրելու հաշվին դա  ուղղակի անընդունելի է: «Սա մեր բնությունն է, մեր հայրենիքն է, այն շատ սիրելով հանդերձ՝ եկեք միանգամից չմահանանք: Հանքավայրը շահագործելով՝ եկեք այնպես անենք, որ մեզ չթունավորի, չպղտորի, մենք այստեղ ապրել ու ապրում ենք եւ ձգտում ենք ապրել այս մաքուր օդում: Այս տարածքը շատ-շատերը փոքրիկ Շվեյցարիա են անվանում, այստեղ կան պատմական բերդեր, ամրոցներ, որտեղ դարեր շարունակ ապրել է հայը, մաքառել՝ մեջքով դեպի ժայռը, կրծքով դեպի թշնամին, հին դարերից մինչեւ վերջին պատերազմը»,- ասում է 300-ից ավելի բնակչություն ունեցող սահմանամերձ գյուղի ղեկավարը:

Գյուղի երիտասարդների անունից հանդես եկող 21-ամյա Արան իր ելույթում նշեց, որ աշխատանքի բացակայությունը շատ մեծ խնդիր է գյուղի երիտասարդության համար, շատերը նույնիսկ մտադիր են Ռուսաստան գնալ՝ աշխատանք գտնելու հույսով:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031