«Լեւոն Տեր-Պետրոսյանը այդքան միամիտ չէ. երբ նա մի բան է ասում, ես, համենայնդեպս, պիտի դադար վերցնեմ, պաուզա վերցնեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելու քայլը այսպես վերլուծեց ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանը: Նրա խոսքերով՝ «Մարտարվեստների մեջ ես ամենաշատը հավանում եմ Այկիդոն. գիտե՞ս ինչի, որովհետեւ Այկիդոյում քո ուժը չես կիրառում, կիրառում ես հակառակորդի ուժը: Հիմա ես կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Այկիդոյի սկզբունքով է գործում»:
Գայանե Առուստամյանը չի կարծում, թե ԲՀԿ-ի այդ քայլը Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնեցված է: Նրա մեկնաբանությամբ՝ «Մի գործոն կա՝ անձնական փառասիրության գործոնը, որը շատ կարեւոր է հատկապես քաղաքականության մեջ: Գագիկ Ծառուկյանը, ինչքան էլ որ Քոչարյանի հետ համագործակցություն, բան լինի, իր ենթագիտակցությամբ գիտի, որ Քոչարյանը ներքեւից՝ ընդերքից դուրս եկած մեկն է, որը Քոչարյան է դարձել նաեւ իր շնորհիվ: Ինչո՞ւ Քոչարյանը կարող է իր շնորհիվ դառնալ Քոչարյան, ինքը, որ արքա է, ալամ աշխարհն իրեն արքա է ասում, ինքը չի՞ կարող իրացնել արքայի իր հավակնությունը: Ինչո՞ւ եք բացառում այդ գործոնը: Գագիկ Ծառուկյանն իրեն արքա է զգում, ու դա հաստատվում է իր պալատականներով, մարդիկ իրեն թագավոր են ասում: Միգուցե Գագիկ Ծառուկյանը դեռ մի քիչ վախենում է նախագահի՝ իր այդ աստիճանի հավակնությունը ցույց տալ, բայց ինքն իր իշխանիկի, իր արքայի հավակնությունը պահում է, այսինքն՝ մի մարդու, որի հետ հաշվի պիտի նստեն: Տեր-Պետրոսյանն ի՞նչ է ասում, ասում է՝ գործարար ես, արի քո դիրքերի վրա մնա: Այդքան փող ես ծախսում ստվերի մեջ, բեր հարկային դաշտ, դու եղիր քո արքան քո ոլորտում՝ բիզնես-ոլորտում, որը կարող է ինքը հեչի պես լինել: Դա է ասում Լեւոն Տեր-Պետրոսյանը, ուրիշ բան չի ասում: Ասում է՝ սիրո՞ւմ ես, անընդհատ հայտարարում ես, թե սիրում ես ժողովրդին՝ իմ ժողովուրդ, իմ երկիր, իմ հայրենիք, իմ… իմ… իմ: Ես էլ եմ սիրում, բայց արի կտրվի ստվերից, արի լեգիտիմացվի, արի քո հավակնություններն իրականացրու, ես քեզ թույլ եմ տալիս, այդ հնարավորությունները դու ավելի շատ ունես, քան այնտեղ՝ կապված վիճակում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ