«Ես քրիստոնյա եմ, իսկ քրիստոնեությունը սեր է, հանդուրժողականություն եւ դեմ է ցանկացած բռնության, խտրականության: Ինչպես ցանկացած քրիստոնյա, ես դեմ եմ նաեւ ցանկացած ապազգային եւ հակաքրիստոնեական դրսեւորման, ինչպիսիք են մարդասպանությունը, գողությունը, պոռնկությունը եւ այլն, բայց դա կապել բռնության քարոզի, անհանդուրժողականություն սերմանելու եւ նման բաների հետ` ընդամենը ծիծաղելի է»,- Aravot.am-ին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անրադառնալով անցած օրերին քանիցս շրջանառված այն կարծիքին, որ ինքն ատելություն եւ թշնամանք է քարոզում ու սերմանում:
Հիշեցնենք, որ անդրադառնալով DIY ակումբի հրկիզմանը` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առավոտի» հետ զրույցում ասել էր. «Քաղաքական ղեկավար անձինք իրենց հայտարարություններով եւ հրապարակումներով, ըստ էության, հրապարակայնորեն աջակցեցին, խրախուսեցին հարձակման հեղինակներին, մինչդեռ ազգային, կրոնական կամ սեռային տեսակետից խտրականությունը, ատելության ու թշնամանքի սերմանումը եւս քրեորեն հետապնդելի արարք է: Այս իմաստով պատասխանատվության պետք է ենթարկվեն նույն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու նրա գործընկերը»:
Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տալիս, որպեսզի մարդիկ չփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, աչքակապությամբ չզբաղվեն եւ այդ միջադեպը չօգտագործեն` նոր գրանտներ ստանալու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև