Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ-ից որոշ քաղաքական կուսակցությունների հեռանալուն՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց. «Ես ընդհանրապես Հայաստանի պարագայում չեմ հավատում, որ մի քանի քաղաքական ուժեր շատ երկար կարող են դիմանալ իրար հետ, որովհետեւ մեր ժողովուրդն իր էությամբ շատ ինդիվիդուալ մարդկանցից է կազմված, բոլորն իրենց պատկերացնում են Նապոլեոն Բոնապարտ, եւ էստեղ նույն ՀԱԿ-ի բոլոր ղեկավարները պետք է հասկանան, որ իրենք էդ 7 տոկոսն էլ հավաքեցին ու խորհրդարան անցան, որովհետեւ կար Լեւոն Տեր-Պետրոսյան: Ո՛չ Արամ Սարգսյանը՝ իր «Հանրապետություն» կուսակցությամբ, ո՛չ Հովհաննես Հովհաննիսյանը՝ իր Լիբերալ կուսակցությամբ, երբեւիցե 0,01 տոկոս չէին հավաքի, եթե իրենք առանձին մասնակցեին ընտրություններին, էնպես որ՝ իրենց դուրս գալը շատ-շատ մեծ վնաս չի տա Հայ ազգային կոնգրեսին, եւ ընդհանրապես, Հայ ազգային կոնգրես ասելով՝ ես միշտ հասկացել եմ Հայոց համազգային շարժում»:
Մեր զրուցակցի կարծիքով՝ ՀԱԿ-ը խորհրդարանում հակակշիռ չի կարող դառնալ, որովհետեւ ունի ընդամենը 7 պատգամավոր: «Ասեմ, որ այստեղ կարեւոր է նաեւ պատգամավորների որակը: Էն, որ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հրանտ Բագրատյանը հայտնի հռետորներ են, փաստ է: Ես գտնում եմ, որ ՀԱԿ-ը մտավ Ազգային ժողով մեկ պատճառով. Ազգային ժողովի ամբիոնը եւս մեկ հարթակ դարձնելու՝ իր խոսքը ժողովրդին հասցնելու և 2013 թվականի նախագահական ընտրություններին նախապատրաստվելու համար, թե չէ՝ ինչ-որ հարցեր լուծելու համար իրենք պետք է համագործակցեն ավելի խոշոր ուժերի հետ»,- կարծում է քաղաքագետը:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ ուժը լինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Համբարյանը չբացառեց: «Քարոզարշավի ընթացքը տեսնելով` մենք կարող ենք ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Հայ ազգային կոնգրեսը բավական զուսպ պահեցին իրենց «Բարգավաճ Հայաստանին» քննադատելու առումով, եւ ամբողջ իրենց քարոզարշավը տարվում էր Հանրապետական կուսակցությանը քննադատելու ուղով: Եթե իրենք չէին քննադատում քարոզարշավի ժամանակ, ապա ինչո՞ւ ոչ, կարող են համագործակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ տարբեր հարցերում»:
Կարդացեք նաև
Քաղաքագետի կարծիքով՝ թեեւ Ազգային ժողով անցել են 6 կուսակցություններ, բայց իրականում մեկը` Հանրապետականն է կարողանում հարցեր լուծել, իսկ մյուս բոլորը պետք է միավորվեն, որպեսզի կարողանան որեւէ հարց առաջ տանել, այլապես իրենց 5-6-7 պատգամավորներով ոչնչի չեն հասնի: «Բայց նրանց միջեւ անտագոնիստական էդ վերաբերմունքը էնքան մեծ է, որ նրանք շատ հարցերում չեն էլ միավորվի միմյանց հետ»,- ենթադրում է մեր զրուցակիցը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ