Ավարտին է մոտենում Արարատի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն էր Արարատի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:
Ծրագրի շրջանակներում 6600 մեծահասակներ և 2200 երեխաներ անցել են ակնային հետազոտություն, շուրջ 900 մեծահասակներ անցել են խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում (ԱՇՀ), տրամադրվել է 3500 ակնոց: ԱՇՀ-ում իրականացվել են480 վիրահատություններ և լազերային բուժումներ: Ակնային զննումներին զուգահեռ, 546 երեխաների համար Արարատի մարզի ինը դպրոցներում անց են կացվել նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ:
Բժշկական խմբերն աշխատել են Մասիսի, Արտաշատի, Արարատի շրջաններում: Բնակչության ակնային զննումների աշխատանքերում ՀԱՆ-ին ակտիվորեն աջակցել են նաև տեղի ակնաբույժները:
Այսօր Արարատում կայանած ԱՇՀ էր այցելել Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան` ծանոթանալու աշխատանքների ընթացքին:
Կարդացեք նաև
« Տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են ոչ միայն Հայաստանում, այլ բազմաթիվ այլ երկրներում, ուր գործում է հիմնադրամը: Մեր ընկերության ամենաառաջնային խնդիրն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև, իսկ մարդկային հաղորդակցության գործում մեծ է տեսողության դերը: Այսօր մենք հանդիպեցինք մարդկանց, ում կյանքը փոխվել է Հիմնադրամի ու մեր գործընկերների շնորհիվ: Հպարտ ենք համագործակցել Հայկական Ակնաբուժության նախագծի հետ, իսկ ծրագիրը շարունակվելու է նաև Հայաստանի այլ մարզերում», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Ուրախալի է արձանագրել, որ Արարատի մարզում մեզ հաջողվել է ավելի քան կրկնակի գերակատարել Orange Հիմնադրամի հետ միասին նախանշված աշխատանքների ծավալները: Դժվար է ասել, թե վերջինս պայմանավորված էր տեղի բնակիչների հետ հաղորդակցության արդյունավետ կազմակերպմամբ, թե ստուգման և բուժման կարիք ունեցող մարդկանց թվի աճով: Սակայն, մեր բժիշկներն այս անգամ աշխատել են բավականին լարված ժամանակացույցով, քանի որ մարդկանց հոսքը անսպասելի շատ էր: Այնուամենայնիվ, մեզ միայն հաճելի է, որ հաջողվել է Արարատի մարզում օգնել այսքան մեծ թվով մարդկանց», – ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը :
Արարատի մարզում աշխատանքների համար Orange Հիմնադրամը հատկացրել է 7,319,730 դրամ :