Այս օրերին Եվրոպայում անցկացվում են Let’s Do It! World համաշխարհային շարժման «Մաքրենք Աշխարհը 2012» (World Cleanup 2012) արշավի զանգվածային քաղաքացիական միջոցառումներ, որ մեկնարկել են 2012թ. մարտի 24-ից եւ շարունակվելու են մինչեւ սեպտեմբերի 25-ը։ Միջոցառումներին մասնակցում են 90-ից ավելի երկրներ։ Հայաստանը նույնպես միացել է այս գլոբալ արշավին, եւ «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման կողմից իրականացվող «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնության շրջանակներում սեպտեմբերի 15-ին տեղի կունենա միջոցառումը:
ՀՀ ոստիկանությունն իր պատրաստակամությունն է հայտնում միանալու կամավորական նախաձեռնությանը` մեր երկրի բնապահպանական, սոցիալական ու կենցաղային այդ ոլորտի խնդիրները համատեղ լուծելու համար: Այդ մասին ասված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում՝ police.am-ում տեղադրված հաղորդագրության մեջ:
Իր հերթին «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը ողջունել է ՀՀ Ոստիկանության պատրաստակամությունը՝ միանալու «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնությանը, նաեւ կոչ է արել բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, պետական կառույցներին միանա՛լ շարժմանը և միասին իրականացնել կամավորական այս համաշխարհային նախաձեռնությունը: