Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյան ընդդեմ Մոլդովայի

Մայիս 29,2012 18:18

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանում փաստաբաններից մեկը հղում արեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննության առնված «Սարբանն ընդդեմ Մոլդովայի» գործի: Այսուհետ իմ բլոկում կանդրադառնամ ԵԴ այն գործերին, որոնց մասին հնչեցվում է հայաստանյան դատարաններում:

2006թ. սեպտեմբերի 13-ին «գաղտնի խորհրդակցելով», ԵԴ-ն կայացրեց մի վճիռ՝ հօգուտ Քիշնեւի մունիցիպալ խորհրդի քարտուղար Սարբանի: Վերջինի նկատմամբ գլխավոր դատախազը հարուցել էր քրեական գործ՝ պաշտոնեական դիրքի  չարաշահման համար. Քիշնեւի քաղաքապետարանը  շտապօգնության 40 ավտոմեքենա էր գնել: Քաղաքապետարանի աշխատակցին կոռուպցիոն ռիսկերի համար այդ հոդվածով սպասվում է 2 տարվա ազատազրկում, իսկ նախաքննության փուլում նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը: Հաշվի էր առնվել այն, որ քաղաքապետարանի աշխատակիցը չուներ քրեական անցյալ, հիվանդ է եւ ունի բուժման կարիք:  Սակայն կարճ տեւեց տնային կալանքը, քանի որ նրան հրավիրեցին հարցաքննության եւ տեղում կալանավորեցին:

Հետաքրքիր է, որ Մոլդովայի մի շարք թերթեր պատրաստակամություն հայտնեցին երաշխավոր կանգնել քաղաքապետարանի աշխատակցին, իսկ վերջինն էլ պատրաստ էր հանձնել իր անձնագիրը՝ որպես երկիրը չլքելու երաշխիք: Ինչպես հայաստանյան իրականության մեջ, այնպես էլ այստեղ, հաշվի չառնվեց ոչինչ եւ ընդհակառակը՝ կալանքը երկարացվեց, իսկ դիմողը տառապում էր «զարգացող ծոծրակային ոսկրահոդաբորբով», ողնաշարի ցավերով եւ որ դատարան էր բերվում… վզի դիրքն անշարժացող հատուկ սարքով:

Կալանավայրում նրան բուժօգնություն ցույց չեն տվել եւ քաղաքապետարանի աշխատողը ստիպված է եղել հացադուլ անել: Անգամ թույլ չեն տվել ոչ մի այլ բժշկի՝ նույնիսկ ընտանեկան բժշկին, հետազոտել կալանավորվածին: Այս օրերին «Գորիս» ՔԿՀ-ում է գտնվում երկարաժամկետ հացադուլի մեջ պահվող զինծառայող Կիրակոսյանը, որը խնդրում է իրեն բուժօգնություն ցույց տալ, սակայն գրեթե նույն պատմությունն է (մեջքին ունեցած խալի պատճառով զինվորական հագուստ կրել չի կարողացել եւ մեղադրվում է զորամասը ինքնակամ լքելու համար- Ռ. Մ.):

Դատական նիստի ժամանակ քաղաքապետարանի աշխատողը ուշագնաց էր եղել: Չնայած նրա կնոջ միջնորդությունը բավարարվել է, նրան պիտի հետազոտեր նյարդաբանը, սակայն ՔԿՀ-ի վարչակազմը չի թույլատրել: ԵԴ-ն արձանագրել էր, որ դատական նիստերի ժամանակ վանդակաճաղերի արանքից են ճնշում չափել: Բուժօգնության բացակայության ժամանակ կյանքին լուրջ վտանգ է սպառնացել: ԵԴ-ին դիմողը տեղեկացրել էր նաեւ, որ 11  քմ խցում նրա հետ պահվել է 4 կալանավոր, իսկ խցի ջերմաստիճանը եղել է բարձր: Զավեշտալի է, որ իր փաստաբանի հետ հանդիպելիս հիվանդ կալանավորը ստիպված է եղել բղավելով հաղորդակցվել, քանի որ հանդիպման համար նախատեսված սենյակը երկշերտ ապակյա պատնեշով էր բաժանված:

Եվրոպական դատարանը փաստել է, որ խախտվել են կոնվենցիայի մի շարք հոդվածներ՝ կալանավորվածի կողմից ազատությունից զրկվելու օրինականությունը վիճարկելը, կալանավայրում բուժօգնություն ստանալը, փաստաբանի հետ առանձին տեսակցվելը՝ որպես մեղադրյալի պաշտպանության իրավունքի կարեւորագույն երաշխիք: Քաղաքապետարանի աշխատակիցը պահանջել էր 55 հազար եվրո, դատարանը բավարարել է 4000 եվրոյի պահանջը, իսկ 3000 եվրո տրամադրել է դատական ծախսերի համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031