Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանին` «Եթե դու փոքր երեխայի նման խռովում- դուրս ես գալիս, դու այդքան հասուն չես» (Տեսանյութ)

Մայիս 29,2012 17:46

«Հանրապետություն», «Հայաստանի լիբերալ» կուսակցությունների` ՀԱԿ-ից դուրս գալը ՀԱԿ ներկայացուցիչ Գայանե Առուստամյանը Aravot.am-ի հետ զրույցում որակեց որպես քաղաքական տհասություն. «Ես համարում եմ, որ չի կարելի գնալ: Եթե դուք ունեք անհամաձայնություն, եթե դուք հարց եք առաջադրել, որը չի անցել, դուք այդ տեսակետը  պիտի պնդեք»: Մեր դիտարկմանը` իսկ եթե չի ստացվում, կա լիդեր, որը չի լսում մյուսների տեսակետը, իր քայլերն է առաջ տանում եւ դա տարիներ շարունակ է լինո՞ւմ` Գ. Առուստամյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում` չի լսում: Եթե քո առաջարկած տեսակետը ողջամիտ չէ,  բայց դու փոքր երեխայի նման պնդում ես, որ դա ողջամիտ է ու խռովում-դուրս ես գալիս, դա  դեռ չի նշանակում, որ առաջնորդությունն է քո վրա ճնշում: Դա նշանակում է, որ դու այդքան հասուն չես: Որ դու այնքան սկզբունքային չես, որ ներքին ժողովրդավարություն հաստատես, ներսում քո հարցերը ճշտես»:

Մեր դիտարկմանը, որ խոսքը 1-2 հոգու մասին չէ, 18 կուսակցություն կար ՀԱԿ-ից, շատերը լքեցին` նա այսպես արձագանքեց. «Սա եկավ ապացուցելու, որ քաղաքական կուսակցութունները պատշաճ հասունություն չունեն միմյանց հետ բանավիճելու: Մի ընդհանուր գործ առաջ տանելու հասունություն չունեն»:

Կան տարաձայնություններ` ԲՀԿ-ի հետ համագործակցելու, մանդատները վայր դնելու,նախկին եւ ներկա սկզբունքները պահպանելու հետ կապված, որոնք լուրջ են, նրանք, փաստորեն,  ստիպված են դիտորդի կարգավիճակում զուտ հետեւել, թե ինչ է անում ՀԱԿ-ի ֆրակցիան` արժե հանդուրժե՞լ`մեր հարցադրմանը Գայանե Առուստամյանը պատասխանեց. «Այսքան ժամանակ ով գնացել է Կոնգրեսից` որպես շարքային անդամ, որպես լրագրող, չեմ լսել նրա հիմնավորումը: Ընդամենը մի հատ  դեկլարատիվ հայտարարություն: Օրինակ` ես գնում եմ ու Կոնգրեսին մաղթում եմ հաջողություն: Դա հիմնավորում չի: Նախ ես պահանջում եմ, որպեսզի ինձ հիմնավորեն, որովհետեւ ես Կոնգրեսի ներկայացուցիչ եմ, եւ Կոնգրեսի շարքերն են պահանջում, որ իրենց հիմնավորեն: Միգուցե դու ճիշտ ես, միգուցե ես էլ իմ հետեւություններն անեմ: Ոչ ոք ոչինչ չի հիմնավորում, սաղ  հայտարարում են, որ գնում են ու վեր են կենում գնում են: Զարմանալի է ինձ համար: Դա էլ է քաղաքական տհասության մասին խոսում, ցավոք սրտի: Դու պետք է  ասես` առաջադրել եմ այս հարցը, այն այս-այս պայմաններում չի անցել, այսինքն` ճնշել եմ, կամ չգիտեմ…եթե դու ճիշտ ես` ինչու չես պնդում ու հիմնավորում, գնում ես ու հարցականներ ես թողնում: Դա շատ լուրջ վնաս  է հասցնում բոլորին, իրենց էլ: Արամ Սարգսյանը գնում է, չի հիմնավորում ոչինչ: Իր հիմնավորումը, ըստ էության, հիմնավորում  չի: Ես ի՞նչ մտածեմ Արամ Սարգսյանի մասին: Այսինքն` մի հատ այսպես մշուշ կա  իր շուրջը, Կոնգրեսի շուրջը, իր ու Կոնգրեսի հարաբերության շուրջը: Կոնգրեսի շարքային քաղաքացուն հիմար վիճակի մեջ են գցում: Ես չգիտեմ՝ ով է ճիշտ, ու ես ասում եմ` գնացողը սխալ է: Որովհետեւ սխալ է գնալ պայքարից, միայն նրա համար, որ քո առանձին վերցրած մի գաղափար կամ մի առաջարկ չի անցել»:
Այս պահին Գայանե Առուստամյանի եւ ՀԱԿ-ի միջեւ տարաձայնություն կա ԲՀԿ-ի նկատմամբ վերաբերմունքի հարցում: ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալու հետ կապված ՀԱԿ ներկայացուցիչ Գայանե Առուստամյանը, ի տարբերություն ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի, վերապահում ունի. «Այո, ես շատ լուրջ վերապահում ունեմ: Ավելին ասեմ` հաշվի առնելով ԲՀԿ-ի երեւելի անդամների բնավորությունը, հետագիծը, հոգեկերտվածքը, արած գործը, այս ամենը հաշվի առնելով` ես չեմ վստահում այդ կուսակցությանը առհասարակ»:

Գ. Առուստամյանի դիտարկմամբ` Լեւոն Զուրաբյանը խոսում է որպես քաղաքական դեմք, ՀԱԿ-ի քաղաքական վերնախավի ներկայացուցիչ. «Սա քաղաքական հարթության վրա  տարվող խոսակցություններ են: Ես խոսում եմ որպես առանձին շարքային անդամ, քաղաքացի: Ես շատ սուբյեկտիվ եմ խոսում, համաձայնեցված չի իմ կարծիքը»:

Մեր հարցին` Ձեզ վրա Կոնգրեսում միակարծիք չլինելու համար ճնշումներ չե՞ն գործադրվում` նա վստահեցրեց, որ ոչ. «Ես երեւի ամենախիստ խոսացողներից մեկն եմ եղել: Երբեք չեմ նկատել, որ ինձ Կոնգրեսում նույնիսկ խեթ նայեն: Ես Կոնգրեսի շարքերն եմ ներկայացնում, ոչ թե Կոնգրեսի քաղաքական էլիտան: Ես այդ հավակնությունը չունեմ էլ, ճիշտն ասած: Ես չեմ պատկերացնում` հնարավո՞ր է ճնշել: Ինձ վրա սկի ռեժիմը չի կարողանում ճնշել, Կոնգրեսը կճնշի՞»:

Կոնգրեսից դուրս եկած շատ անդամներ նշում են, որ ճնշումներ են իրենց վրա գործադրվել Կոնգրեսում:  Գայանե Առուստամյանն այս առնչությամբ ասաց. «Եթե ես Կոնգրեսից դուրս գամ, դա չի լինի այն պատճառով,  որ ես Կոնգրեսի քաղաքական ուղու հետ համաձայն չեմ: Դա կլինի ուղղակի իմ եզրակացությունը` ընդհանուր իրավիճակի մասին, որ այս ընդհանուր մղձավանջի մեջ  որեւէ բան փոխել անհնար է: Ինչ վերաբերում է Կոնգրեսի ճնշումներին, ես ուղղակի զարմանում եմ, որ այդպես են ասում: Եթե անգամ Կոնգրեսում անհամաձայնութւյուն կա, եթե անգամ ես մի տեսակետ եմ հայտնում, որ Կոնգրեսում համաձայն չեն իմ տեսակետի հետ, դա դեռ չի նշանակում, որ ես վեր կկենամ, կխռովեմ ու Կոնգրեսից կգնամ: Ո՞վ կարող է ինձ ասել, որ ես վայր դնեմ իմ պայքարը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031