Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանացի բժիշկը 2 օրով էր եկել, բայց մեկ շաբաթ մնաց

Մայիս 29,2012 17:42

Այս պահի դրությամբ մայրաքաղաքի հիվանդանոցներում դեռեւս բուժվում է մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունից տուժած 11 քաղաքացի: Նրանցից որեւէ մեկը չի գտնվում վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ առողջապահության նախարարությունից:

Ծանր այրվածքներ ստացած քաղաքացիներին վիրահատելու նպատակով ընդամենը 2 օրով Հայաստան եկած գերմանացի բժիշկ Ադրիան Դայգլերն էլ ստիպված է եղել մեկ շաբաթից ավելի մնալ մեր երկրում: Նախարարությունից նաեւ հայտնեցին, որ

գերմանացի բժիշկը իր կատարած վիրահատությունների դիմաց գումար չի վերցրել:

Նա վիրահատել է 9 մարդու, մնացած քաղաքացիների վիրահատությունը հայաստանյան մասնագետներն են կատարել:

Այս օրերին այրվածքներ ստացած քաղաքացիների բուժման համար օգտագործվել են մեծ քանակությամբ դեղորայքային քսուքներ, հիվանդանոցների պաշարը վերջանալուց հետո առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարականով դեղատներից եւ դեղաբազաներից հավաքվել եւ հիվանդանոցներին է տրվել դեղորայքի անհրաժեշտ քանակությունը:

Իսկ թե ընդհանուր առմամբ տուժած քաղաքացիների բուժօգնությունը որքան գումար է նստել պետբյուջեի վրա (բուժումը պետպատվերի շրջանակներում է), նախարարությունից հայտնեցին, որ առայժմ հաշվարկներ չկան, քանի որ հիվանդանոցներն իրենց կատարած ծախսերի մասին առայժմ հաշվետվություններ չեն ներկայացրել պետական առողջապահության գործակալությանը:

Հիշեցնենք, որ փուչիկների պայթյունից տուժեց 154 քաղաքացի, որից մոտ 90-ը հոսպիտալացվել էին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031