Լրահոս
Օրվա լրահոսը

Սենսացիոն «բացահայտում»` ԲՀԿ-«Ժառանգություն» գործարքի մասին

Մայիս 29,2012 17:13

Այսօր ՀԱԿ ներկայացուցիչ Գայանե Առուստամյանը մի ինտրիգային բացահայտում արեց, թե ինչ գործարք են իրեն առաջարկել ընտրություններից առաջ ու ինչ է ստացվել, երբ ինքը չի համաձայնել գնալ այդ գործարքին: Պարզվում է` չնայած միասնական շտաբին, ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ն գործել է ՀԱԿ ներկայացուցչին հակառակ ու համագործակցել «Ժառանգության» հետ: Համենայնդեպս, այդպես ստացվեց Գայանե Առուստամյանի հայտարարությունից:

Aravot.am-ի հետ զրույցում Գայանե Առուստամյանը պատմեց, որ նախընտրական շրջանում ինքը ԲՀԿ-ից տեղեկություններ է ստացել, որ ԲՀԿ-ի ընտրազանգվածը պատրաստ է քվեարկել իր օգտին. «Շատ հստակ, շատ 100 տոկոսանոց տեղեկություններ ունեցա, որ, օրինակ,իմ ընտրատարածքում ԲՀԿ-ն քանի որ չուներ թեկնածու, եւ քանի որ կար միասնական շտաբ եւ ընտրակեղծիքների դեմ միասին պայքարելու պայմանավորվածություն, նախ՝ տեղեկություններ եկան, որ ԲՀԿ-ն իմ ձայները, այսինքն` ովքեր որ ԲՀԿ-ին համամասնական քվեարկեն, կքվեարկեն ՀԱԿ-ի թեկնածուի օգտին մեծամասնական: Դա ոչ թե ներքին համաձայնություն էր, դա շտաբների մակարդակում, թաղի մակարդակում այդպիսի տեղեկություններ ստացվեց: Ես փորձեցի դրանք ճշտել: Ու մարդիկ ԲՀԿ-ից գալիս էին իմ շտաբ` շարքային անդամներ, ինչ-որ պատասխանատուներ, ասում էին` ձեզ ենք ընտրելու: Ես հակված չեմ տարվելու նման խոստումներով, հանգիստ սպասում էի` ինչ կլինի: Արդեն ընտրությունները երբ որ մոտենում էին, փակագծերը չեմ բացելու, բայց ինձ գործարքի առաջարկ եղավ: Ես այդ գործարքից հրաժարվեցի, ես բոլոր գործարքներից հրաժարվել եմ: Հետո այդ նույն մեթոդով լուրերը եկան, որ եթե դու հրաժարվում ես, քաղաքականության մեջ մեր խաղի կանոններով չես մտնում, այսինքն` գնում ես քո նախնական  սկզբունքներով, ուրեմն մենք մեր մոտեցումը փոխելու ենք եւ քո օգտին դու գնա հավաքի քո ձայները, ինչքան կհավաքես: Ադյունքում արդեն երեւաց, որ իմ ձայները Ստյոպա Սաֆարյանի ձայներից պակասեցին, որովհետեւ Ստյոպա Սաֆարյանի օգտին քվեարկություններ եղան, այսինքն` այն քվեները, որ խոստացվել էին ինձ….»: Մեր դիտարկմանը` այսինքն` այն գործարքից, որից դուք հրաժարվել եք, Ստյոպա Սաֆարյա՞նը ընդունեց` նա պատասխանեց. «Դե, դա արդեն  տրամաբանական եզրահանգումն է»:

Գայանե Առուստամյանն այս բացահայտումն արեց այն ժամանակ, երբ խնդրեցինք մեկնաբանել «Հայացք» ակումբում ասուլիսում արած այն արտահայտությունը, որ «ԲՀԿ-ի ընտրազանգվածը «Ժառանգություն» է գնացել»: Մեր հարցին` եթե Ստյոպա Սաֆարյանը ԲՀԿ-ի հետ գործարքի էր գնում, ինչու էր այդ դեպքում միասնական շտաբում այդպես կռիվ տալիս, որ ԲՀԿ-ի հետ ո՞նց կարող է քայլեր անեք` նա պատասխանեց. «Ես ասում եմ` խաղեր են: Զզվելի են այդ խաղերը: Ես  սա գնահատում եմ որպես նաեւ տեղական նշանակության քաղաքականություն, նաեւ լճացած, ճղճիմ, երբ որ գլուխ չես հանում հա-ն հա է, չէ-ն չէ է»:

Գայանե Առուստամյանը կանխատեսել էր, որ Ավանի թիվ 1 ընտրատարածքում, որտեղ Ստյոպա Սաֆարյանից բացի, առաջադրվել էր Ռուբեն Հայրապետյանը, կունենա առնվազն 6000 քվե. «Որովհետեւ բոլոր այն խոստումները, որ երդում-պատառով ասում էին` քեզ ենք ընտրելու, ես մտածում էի` կեսին կհամոզեն, կեսին կկաշառեն, կիսվի էլ` էլի շատ լավ է, որովհետեւ իմ ձայները 10-12 հազար են, մտածում էի` եթե կիսվի`լավ կլինի: Եթե այնտեղ էլ թվանկարչություն չլիներ, եթե այնտեղ էլ չառնեին` իմ շանսերը շատ մեծ էր իսկապես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031