Վաղը երեկոյան տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ամենայն հավանականությամբ, վաղվա նիստում կքննարկվեն երկրի օրենսդիր մարմնի հետ կապված հարցեր: ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում կհստակեցնի եւ կառաջադրի իր թեկնածուին, կհստակեցվի ՀՀԿ-ն օրենսդիրում ներկայացնողների ցանկը: Շարմազանովը չբացառեց, որ կառավարության ձեւավորման հարցը վաղվա նիստում չքննարկվի եւ հետաձգվի մինչեւ գործող կառավարության հրաժարականը:
Հիշեցնենք, որ նախորդ երկու նիստերում առանցքային հարցերի շուրջ որոշումներ այդպես էլ չկայացվեցին: ԲՀԿ-ի՝ կոալիցիայից հրաժարվելուց հետո, ՀՀԿ -ն հայտարարություն տարածեց, որում, մասնավորաբար ասվում էր, որ ՀՀԿ-ն կստանձնի երկրի կառավարումը, կհամագործակցի նաեւ ՕԵԿ-ի հետ, քանի որ վերջինն արդեն հայտարարել է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու իր պատրաստակամությունը:
Մայիսի 31-ին կայանալու է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, կլինի գործող կառավարության հրաժարականը: Ենթադրվում է, որ վաղը կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, արդեն կհստակեցվեն հիմնական կադրային հարցերը:
Առանցքային պաշտոնների՝ վարչապետի եւ ԱԺ նախագահի վերաբերյալ, ՀՀԿ մամուլի խոսնակն ավելի վաղ ասել էր, որ դրանք զբաղեցնելու են ՀՀԿ-ականներ: «Առավոտի» հարցին էլ ի պատասխան՝ ՀՀԿ մամուլի խոսնակն ասել էր, որ գործող վարչապետի փոփոխության հարց չի քննարկվում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ