Այսօր՝ մայիսի 29-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարբախ թաղամասի Շարուրի 37 հասցեում գտնվող «Էլեկտրոն» գործարանում հրդեհ–պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում փլուզվել է շինությունը։ Շինության փլատակների տակից դուրս է բերվել և հիվանդանոց է տեղափոխվել մի հոգի, ևս մեկն այս պահին փնտրվում է։
Այս պահին անձամբ դեպքի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ ԱԻՆ–ի ղեկավար կազմով և փորձագետներով։
Ժամանել են նաև Փրկարար ուժերի վարչության Երևանի մեծ թվով փրկարարներ՝ Երևանի Փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը։ Արդեն ժամանել են Երևանի Ճանապարհային ոստիկանության և Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները։ Ժամանել են նաև Ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի մեծ թվով փորձագետներ։
Պայթյունի վայրում Գ. Շամշյանին պատմել են, որ լսվել է պայթյունի 3 ուժեղ ձայն, որից հետո առաջացել է խոշոր հրդեհ։
Կան վարկածներ, որ տեղի ունեցածը դիտավորյալ պայթեցում է, սակայն դրա վերջնական պատասխանը կտրվի փորձաքննչական և փորձաքրեագիտական աշխատանքներից հետո։