ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը Երեւանի Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի խնդրին ծանոթ է հեռուստատեսային լուրերից: Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետը հիշեց 70-ականները, երբ աշխատում էր օպերայում, հյուրընկալում Մեծ թատրոնի արտիստների ու ռեժիսորների, որոնք, իր վկայությամբ, «փակ» շուկայից միշտ հիացած էին դուրս գալիս: «Փառք տիրոջը, ես տարբեր երկրներում եմ եղել՝ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների, այդ տիպի կառույց դեռ չեմ տեսել, շատ յուրահատուկ է Փակ շուկան, ոնց որ մեր քաղաքի զարդը լիներ, եւ ճարտարապետը հիանալի լուծել էր խնդիրը: Ընդհանրապես արվեստի բոլոր կառույցների ճարտարապետությունից շուկայինը ամենադժվարն է: Հասկանալի է, որ շուկան սեփականաշնորհված է, բայց Աղաբաբյանի նախագիծը փայլուն է, կարելի է այն ուղղակի վերականգնել, կառուցել նույն տիպի: Հասկանում եմ, որ ժամանակն ազդել է, կոնստրուկտիվ պրոբլեմներ կան, բայց դա չի նշանակում, որ պետք է լրիվ քանդեն …… Ախր միայն մարդը չէ, որ հիշողություն ունի, ինքը՝ հողն էլ հիշողություն ունի: Եվ մի բան փաստ է՝ Մաշտոցի պողոտան սկսվում է «փակ» շուկայով»,-ասում է Ռոբերտ Էլիբեկյանը:
Ճանաչված արվեստագետի խոսքով. «Էդպես որ գնա, մի 20 տարի հետո կարող է որեւէ մեկին դուր չգալ, ասենք, Սունդուկյանի անվան թատրոնի շենքը, եւ որոշի քանդել, նորը կառուցել: Էդպես Երեւանը իրեն յուրահատուկ դեմքը կկորցնի»:
Նկարիչն ասում է, որ եթե խնդրին պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերվի, կարելի է շուկան նույնությամբ վերականգնել, ներսում գործի սեփականատիրոջ համար այդքան շատ կարեւոր «Yerevan city»-ն, շուկայի մի մասում էլ գյուղացիները գյուղմթերք ու մրգեր վաճառեն. «Դա էլ է շարմ տալիս, հետաքրքիր է, դա էկզոտիկա չէ, այլ մեր մշակույթը: Շուկա գնալը արարողություն է, ծես, միայն առեւտուր անելը չէ, դա թատրոնի պես մի բան է: Օրինակ՝ ես, երբ շուկա եմ գնում, հարցնում եմ՝ վաճառողը ո՞ր գյուղից է, ինչպե՞ս է բերքը այս տարի, զրույց եմ անում, շուկա գնալը միայն ընտանիքիդ հոգսը հոգալը չէ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ