«Աժ ընտրությունները ցույց տվեցին, որ ամբողջ երկիրն է «սիթի» դարձել, ինչո°ւ միայն Փակ շուկան: Ի°նչ եղավ երիտասարդական պալատի, արդարադատության նախարարության շենքի, Սևան հյուրանոցի ճակատագիրը: Այս երկրում առայժմ քանդելու քաղաքականությունն է տարվում»,-Aravot.am-ի հարցին՝ կո°ղմ է, որ Փակ շուկայի տեղում հերթական «Yerevan City»-ն կառուցվի, այսպես պատասխանեց ՀԿԿ ղեկավար Ռուբեն Թովմասյանը:
Նա վրդովված է այն հանգամանքից, որ արդեն սկսել են քանդել պատմամշակութային արժեք ունեցող այս շինությունը: Մեր այն դիտարկմանը, թե շենքն ունի սեփականատեր, որը հայտնի գործարար է, ՀՀ գլխավոր կոմունիստն այսպես արձագանքեց. «Բայց հո անարխիա չէ°, որ ինչ ուզի քանդի: Համացանցում դրված էր Մատենադարանի շենքը և վրան գրված Yerevan City: Այսինքն՝ հաջորդը դա է: Մի°թե սա չեն տեսնում, հետո էլ ասում են՝ քաղաքապետը քանդելու որևէ թույլտվություն չի տվել: Թող որևէ մեկը փորձի մի հոլիկ սարքել առանց թույլտվության, տեսեք տեղում քանի հսկող կգա: Աչքներիս առաջ առանց թույլտվության քանդվում է մեր հիանալի «փակ» շուկան»:
Մեր այն հարցին՝ ո°ւմն է մեղքը, Ռ. Թովմասյանը պատասխանեց. «Մի տեղ, որ ամեն ինչ առուծախի է վերածվել, ինչպե°ս կարելի է մեղքի չափը որոշել: Իսկ հասարակական լուրջ դիմադրություն չի լինի, քանի որ մեկը կարող է շատ հարցեր լուծել, քան ամբողջ հասարակությունը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ