Լրահոս
Օրվա լրահոսը

Պոմիդորը խփեք պատին՝ նոր գնեք (Տեսանյութ)

Մայիս 29,2012 15:42

«Եթե պոմիդորը կտրում եք, մեջը դեղին ջլեր կան, նշանակում է՝ այդտեղ նիտրատների կուտակում կա, մի’ գնեք: Կամ էլ պոմիդորը վերցնում եք ու խփում պատին, եթե փխլվեց, ուրեմն լավն է»,-այսօր «Արմատ» մամուլի ակումբում, առողջ սննդի համաշխարհային օրվա առիթով, սպառողներին այսպիսի կիրառական խորհուրդ տվեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Ելնելով այս տրամաբանությունից՝ էկոլոգիապես մաքուր լոլիկ գնելը ռիսկի հետ է կապված, քանի որ դժվար չէ պատկերացնել, օրինակ, թե ինչ կկատարվի այն սպառողի հետ, որը գնելուց առաջ լավ ու վատ լոլիկը կփորձարկի, ասենք`Սամվել Ալեքսանյանի «Երեւան Սիթիում» կամ մեկ այլ օլիգարխին պատկանող սուպերմարքեթում: Այս դեպքում Արմեն Պողոսյանը միայն խորհրդի տերն է, իսկ հետեւանքների համար պատասխանատու չէ:

Արմեն Պողոսյանը վստահեցրեց, որ առողջ սննդի առումով Թուրքիայի ու Իրանի հետ համեմատությամբ մեր երկիրը ավելի լավ վիճակում է: Նա խորհուրդ տվեց հատկապես ամռան սեզոնին սնվել բանջարեղենով, մրգով ու կաթնամթերքով:

Ասուլիսին ներկա Էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը չկարողացավ վիճակագրություն նշել, թե արագ սնունդը ինչ վտանգավոր հետեւանքներ է ունեցել մեր քաղաքացիների առողջության վրա, բայց հորդորեց խուսափել սննդի այդ տեսակից: Որպես բժիշկ նա խորհուրդ տվեց ցանկացած տիպի սնունդ ընդունել հանգիստ պայմաններում, քանի որ` «մարսողության ընթացքը ղեկավարվում է այլ նյարդային համակարգով, իսկ ակտիվության ընթացքը` այլ համակարգով: Աշխատեք սննդի մեջ օգտագործել դանդաղ ներծծվող ածխաջրեր պարունակող սնունդ, խորհուրդ չի տրվում քաղցը պաղպաղակով հագեցնել, իսկ ծարավը` գազավորված ըմպելիքներով, խմեք մաքուր ջուր: Աշխատավայրում սնվելու համար էլ տնից պատրաստի ուտելիք բերեք»:

Ինչ վերաբերում է լցնովի պաղպաղակներին, որի վաճառքն արդեն քանի տարի է՝ մասնագետները խստիվ արգելում են, սակայն մայրաքաղաքի փողոցներում, միեւնույն է, դրանք վաճառվում են, Արմեն Պողոսյանն ասաց. 

Aravot.am-ի հարցին, թե խանութներում, սուպերմարքեթներում աղցանի վրա պիտանելիության ժամկետը մակնշված է 7 օր, այն դեպքում, երբ մասնագետները ահազանգում են, որ աղցանը 4 ժամ անց համարվում է հին, սպառողների իրավունքների այս խախտումը նկատե՞լ է ասոցիացիան, սպառողների պաշտպանը պատասխանեց. «Կան ջերմաստիճանային պայմաններ, նայած, թե ինչպես են պահվում այդ աղցանները: Այո, մենք զբաղվել ենք այդ հարցով եւ հայտնաբերել ենք ժամկետանց աղցաններ»:

Բայց թե որ ընկերության արտադրանքն է դա եղել, պարոն Պողոսյանն այդպես էլ չնշեց:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031