Մոնպելյե քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը նժույգաթափ վարժությունում արժանացել է բրոնզե մեդալի` կրկնելով նախորդ առաջնությունում ցույց տված իր արդյունքը:
ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հարությունը եզրափակիչ մտել է 5-րդ ցուցանիշով եւ հետագա հաջողությունը զարգացրել հենց ուժեղագույնների հետ պայքարում: Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ մեր թիմի հաշվարկին երկրորդ բրոնզը բերելուն շատ մոտ է եղել Վահագն Դավթյանը: Նա օղակների վրա վարժությունում նույնպես որակավորվել էր ութ ուժեղագույնների մեջ, սակայն մեդալների համար պայքարում մարզիկին ակնհայտորեն խանգարել են մրցափորձի պակասը եւ դրա հետեւանքով հոգեբանական լարվածությունը: Իսկ ահա Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից մեր միակ մարմնամարզիկը` 19-ամյա Արթուր Դավթյանը, հավասարապես կայուն է հանդես եկել բոլոր վեց գործիքների վրա` բազմամարտում ճանաչվելով 5-րդը:
Մոնպելյեում սպորտային մարմնամարզության պատմության մեջ նոր էջ է գրել մեր 29-ամյա վետերան Վահագն Ստեփանյանը: Ճիշտ է, նա անմասն է մնացել մեդալներից, սակայն հատուկ հանձնաժողովի առջեւ նժույգաթափում կատարել է նոր հնարք, որը մարմնամարզության վարժությունների գրքում գրանցվել է նրա ազգանունով` Ստեփանյանի վարժություն:
Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 41 երկրների մրցակցությունում գրավել է 11-րդ տեղը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ