Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի նախագահը մրցանակ է տվել թուրք պատմաբանին

Մայիս 29,2012 14:37

ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել տարբեր բնագավառներում Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին՝ ձեռքբերումների և մրցանակի արժանանալու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել կատարած կարևոր աշխատանքի համար և մաղթել նոր հաջողություններ:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Հանրապետության նախագահի մրցանակների հանձնման արարողության ժամանակ

 Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի հարգելի՛ դափնեկիրներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ ձեր ձեռքբերումների կապակցությամբ: Գիտնականների և արվեստագետների հաջողություններն ուրախալի են բոլորիս համար, և մենք մեր պարտքն ենք համարում այս մրցանակներով շեշտել և ընդգծել նրանց աշխատանքը: Ինձ և, վստահ եմ, մեր ողջ հանրության համար բացառիկ կարևորություն ունեն հատկապես երիտասարդական մրցանակները, քանի որ դրանք օգնում են ապահովել մեր մշակութային զարգացման անընդհատությունն ու շարունակականությունը:

Եթե ճշգրիտ գիտությունների բնագավառում արած հայտնագործությունները կարող են մնալ գիտական հանրության նեղ շրջանակում, ինչը բնական է, ապա արվեստագետների, պատմաբանների և ընդհանրապես հումանիտար գիտություններին վերաբերող աշխատանքները պետք է ունենան լուրջ հանրային հնչեղություն և ազդեցություն: Դրանք նոր՝ ավելի հեռուն նայող, պահանջ ներկայացնող հասարակություն ձևավորելու կարևոր գործոններ են:

Կարծում եմ՝ առանձնահատուկ զգացումով են ներկաներն ընդունում այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին է արժանանում Թուրքիայի քաղաքացի Ռագըփ Զարաքողլուն: Նրա գործունեությունը բացառիկ առաքելություն է: Պատմական ճշմարտությունը Թուրքիայի հասարակությանը հասցնելու համար մղած նրա պայքարը բարձր քաղաքացիական դիրքորոշման և խիզախության փայլուն օրինակ է: Խիզախություն է նաև Ձեր այսօր այստեղ գտնվելը և այս մրցանակն ընդունելը: Ձեր այս կեցվածքն ունի ոչ միայն անցյալն ավելի խորը հասկանալու նպատակ, այլև ուղղված է հարևան ժողովուրդների փոխադարձ հասկացողությունը նոր մակարդակի բարձրացնելուն: Այն ուղղված է ապագային: Շնորհակալ եմ Ձեզ:

Հարգելի ներկաներ,

Ժամանակին, երբ Պողոսյանների ընտանիքի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, սկիզբ դրվեց այս մրցանակին, հիմքում դրված էին հենց այդ գաղափարներն ու վեհ նպատակները: Շնորհակալություն եմ հայտնում հովանավորներին այս գործը հետևողականորեն շարունակելու համար: Նաև շնորհակալություն եմ հայտնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությանը կազմակերպչական ջանքերի համար, ինչպես նաև մասնագիտական հանձնաժողովներին, որոնք դժվարին, բայց շնորհակալ աշխատանք են կատարում:

Կրկին շնորհավորում եմ և մաղթում, որ մեր դափնեկիրներն այսուհետ ևս հաջողություններ արձանագրեն և նոր բարձունքների հասցնեն Հայաստանի արվեստն ու գիտությունը:

***

Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2011 թվականի մրցանակ է շնորհվել Հարություն Մարությանին` Հայոց ցեղասպանության հիշողության շարունակականության երևույթը, Մեծ եղեռնի և Ղարաբաղյան շարժման միջև եղած  աղերսների ուսումնասիրությունը նոր գիտական մեթոդաբանության և մշակումների կիրառմամբ իրականացված հետազոտության համար, Ռագըփ Զարաքոլուին (Թուրքիա)` Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտության մասին թուրք հասարակությանն իրազեկելու, թեմայի շուրջ ակտիվ թարգմանչական և գրահրատարակչական գործունեության, խոսքի ազատության և մարդու իրավունքները հարգելու համար մղած անդուլ և սկզբունքային պայքարի համար:

***

Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակ է շնորհվել.

բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Աշոտ Սաղյանին` «Օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների գերարդյունավետ ասիմետրիկ սինթեզ» մենագրության և գիտական հոդվածների շարքի համար,

տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Ալբերտ Ղուլյանին, Արմեն Աբրահամյանին, Ռոբերտ Սիմոնյանին, Համլետ Փիրումյանին, Անդրանիկ Սանոյանին` «Տարածքների հսկման ավտոմատ համալիրի մշակում և ստեղծում» գիտական հոդվածների շարքի համար,

արվեստի բնագավառում՝ Գարրի Ռաշիդյանին` «Արդի ճարտարապետության պրոբլեմները զարգացման նոր փուլում և առաջիկա խնդիրները» հետազոտության, մշակման և ներդրման համար,

ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Գագիկ Կրյուչկյանին, Տիգրան Գևորգյանին, Դիանա Անտոնոսյանին, Աննա Շահինյանին` «Ֆոտոնիկա՝ կառուցվածքային վակուումում և ոչ գծային նյութերում» գիտական հոդվածների շարքի համար,

գրականության բնագավառում՝ Հրաչյա Թամրազյանինի` «Սրբազան խավար» բանաստեղծությունների ժողովածուի համար,

հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Հասմիկ Ստեփանյանին` «Հայերի ներդրումն օսմանյան կայսրությունում» գրքի համար:

***

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել Լիլիթ Զաքարյանին (դաշնամուր), Հասմիկ Վարդանյանին (թավջութակ)՝ «Գործիքային կատարում» անվանակարգում լավագույն կատարման համար:

***

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել.

արվեստի բնագավառում՝ Արման Համբարձումյանին` «Լեգենդներ» քանդակների շարքի համար, Աշոտ Գևորգյանին` «Մետամորֆիկ տրանսակցիաներ» քանդակների շարքի համար, Աստղիկ Ստեփանյանին՝ Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի դեկորների և զգեստների ձևավորման համար:

գրականության բնագավառում` Նառա Վարդանյանին` «Անկախին սպասելիս» գրքի համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ

ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031