Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. Դոլարը թանկացել է դրսում հանգստանալու մեկնողների պատճառով

Մայիս 29,2012 13:40

Դոլարն արդեն քանի օր է՝ հատել է 400 դրամի սահմանը: Տարադրամի փոխանակման կետերում փոխարժեքի առքը 404.25 դրամ է, իսկ վաճառքը` 407.75:  Դրամի նման արժեզրկումը տարբեր մասնագետներ կապում են հետընտրական շրջանի հետ, իսկ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը դրամի արժեզրկումը համարում է ընդամենը սեզոնային երեւույթ:

Պարոն Մնացակյանն այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց, որ անցյալ տարի էլ նույն ժամանակահատվածում նման տատանումներ եղել են, բայց մի փոքր քիչ. «Ըստ իս, ամառային շրջանում առաջանում է պահանջարկ այն անձանց մոտ, ովքեր իրենց հանգիստն անցկացնում են Հայաստանի Հանրապետությունից դուրս: Հունիսի սկզբին տեղի է ունենում արտարժույթի  սեզոնային պահանջարկի աճ: Միեւնույն ժամանակ միջազգային գործոնը եւս իր ազդեցությունն է ունեցել. դոլարի գինը կախված է նավթի գնից»:

Տնտեսագետը նաեւ վստահեցրեց, որ սովորաբար հուլիսին փոխարժեքն ավելի ցածր է լինում, քան մայիսին: Ըստ պարոն Մնացականյանի, փոխարժեքի թույլ արժեզրկումը, որը  տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում տարիների կտրվածքով,  էապես նպաստում է տնտեսության արտահանման ներուժի ավելացմանը, եւ մեր ապրանքները գնային առումով ավելի մրցունակ են դառնում դրսում, ավելի էժան են լինում օտարերկրացիների համար:

Իսկ թե ինչպես կարող է անդրադառնալ արտարժույթի նման կուրսը ներքին սպառողի վրա, Հայկ Մնացականյանն ասաց. «Պետք է նայենք հետեւյալ կտրվածքով, նախ` սպառողին հետաքրքրում է գնաճը, դա այլ երեւույթ է: Կենտրոնական բանկը զսպման քաղաքականություն է վարելու, որը տատանվելու է 4.5%-ից պլյուս-մինուս 1.5%-ի սահմանում: Միեւնույն ժամանակ, ըստ ԿԲ-ի, տարվա առաջին եռամսյակում մոտ 18%-ով աճել են տրանսֆերտ վճարումները եւ մոտ 13%` այլ երկրներում աշխատող քաղաքացիների եկամուտների զուտ ներհոսքերը, այսինքն, եթե փոխանցում է լինում արտարժույթով, այստեղ ստացողները դրանից շահում են եւ ոչ թե վնաս կրում»: Տնտեսագետը վստահեցրեց, որ հունիս ամսին փոխարժեքը կկարգավորվի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031