«Ոչ թե ազգային, այլ ազգակցակաան ժողով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանն այսպես բնութագրեց նորընտիր խորհրդարանը: Դառնալով խորհրդարանի հավանական ղեկավարի մասին պտտվող լուրերին, ՀԿԿ ղեկավարը նկատեց. «Ով ուզում է լինի, վիճակը չի փոխվելու, մեծ պայքար չի լինելու, քանի որ ԱԺ պաշտոնները նշանակովի են»:
Ռ. Թովմասյանը կողմ է, որ վարչապետի պաշտոնում մնա Տիգրան Սարգսյանը, քանի որ ՀՀ գլխավոր կոմունիստը բարձր է գնահատում նրա մասնագիտական կարողություններն ու «խելքը»:
Ռ. Թովմասյանը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը. նա չի ընդունում ԱԺ ընտրությունների արդյունքները: Իսկ մայիսի 31-ի մասին էլ նշում է. «Մայիսի 31-ին էլ որոշվելու է երկիրը բաժան-բաժան անելու հարցը»:
ՀԿԿ ղեկավարը գնահատեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերը, մասնավորապես կուսակցության՝ կոալիցիայից հրաժարվելու և իրեն «կառուցողական ընդդիմություն» համարելու հայտարարությունը. «Կամ ընդդիմություն ես, կամ՝ ոչ ընդդիմություն: Կառուցողական ընդդիմությունը ո°րն է: Դա հովհարային ընդդիմություն է»:
Կարդացեք նաև
Իսկ իրենց հավաքած՝ 16 հազար ձայների մասին նշում է. « Այդ մարդիկ մաքուր, անաղարտ, երեխայի նման իրենց ձայնը տվեցին մեզ»:
Ռ. Թովմասյանն անդրադարձավ նաև ՀԱԿ-ին և նշեց. «ՀՀՇ-ն երկիրը շողուլից գցեց ու հիմա էլ շարունակում է դա անել: ՀԱԿ-ը նույն ՀՀՇ-ն է և երկար ճանապարհ անցնել չի կարող»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ