Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ ԿԸՀ նախագահի՝ ՀԱԿ ներկայացուցչի «պնդումը ունի բացառապես քաղաքական ենթատեքստ»

Մայիս 29,2012 13:06

Այսօր ժամը 10.00-ից սկսած ՀՀ սահմանադրական դատարանում շարունակվում է Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքի դիմումի քննությունը՝ համամասնական ընտրակարգի վերաբերյալ ԿԸՀ-ի մայիսի 13-ի թիվ 265ա որոշումն անվավեր ճանաչելու մասին, հանդես է գալիս պատասխանող ճանաչված ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա անդրադարձավ իրավախախտումներին, վարչական դատական հսկողությանը, ընտրության արդյունքների անվավեր ճանաչելու դիմումատուի պահանջներին: Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ամբողջ նախընտրական քարոզչության ընթացքում դիմումատուի կողմից ընտրական հանձնաժողովին եւ դատարանին չեն ներկայացվել դիմումներ այն մասին, թե արգելված քարոզչություն է իրականացվում:

ԿԸՀ նախագահը անդրադառնալով արդյունքների վերահաշվարկմանը՝ ասաց. «Թվով 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվել է վերահաշվարկում: Այդ հանձնաժողովներն էին 4, 13, 14, 25: 4/9 տեղամասում վերահաշվարկում կատարվեց ԲՀԿ-ի վստահված անձի պահանջով, իսկ թիվ 4/14 տեղամասում՝ ՀԱԿ-ի վստահված անձի պահանջով: 4/9 տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկման արդյունքում ճշտվել է ընտրությունների մասնակիցների թիվը՝ 1167-ի փոխարեն արձանագրվել է 1084»:

Տիգրան Մուկուչյանը շեշտեց նաեւ, որ վերահաշվարկ իրականացրած 11 տեղամասերում ոչ մի փոփոխություն չի արձանագրվել:

Անդրադառնալով վստահված անձանց գործունեության սահմանափակմանը, պատասխանողը հայտնեց, որ վստահված անձանց լայն հնարավորություններ են տրվել, ավելին՝ վերահաշվարկի աշխատանքներին ՀԱԿ-ի վստահված անձինք անարգել ծանոթացել, ինքնուրույն քաղվածքներ են արել եւ օգտվել ցուցակներից: «Չի հայտնաբերվել որեւէ խախտում, որեւէ ապացույց չի ներկայացվել»,- ասաց նա:

Ի դեպ, անդրադառնալով դիմումատուի (ՀԱԿ-ի կողմից լիազորված Վահե Գրիգորյան) այն պնդմանը, թե քվեարկությանը մասնակցել են հանրապետությունից բացակայող եւ մահացած քաղաքացիներ, ԿԸՀ նախագահն ասաց. «Համոզված եմ, որ ասվածը ունի բացառապես քաղաքական ենթատեքստ, քանզի այդ կապակցությամբ բացի մերկապարանոց հայտարարություններից՝ որեւէ ապացույց չի ներկայացվել»:

Տիգրան Մուկուչյանը նաեւ նշեց, որ բավարար ապացուցողական հիմք չկա ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու համար:

Նա ասաց, որ ԿԸՀ-ն 9 ուղեցույց է պատրաստել եւ այն բաժանել բոլոր կուսակցություններին: ԿԸՀ-ի նիստերը, ըստ պատասխանողի՝ անցել են բաց, ԿԸՀ-ում դիտորդական առաքելություն են իրականացրել 9 միջազգային կազմակերպություն, 647 միջազգային դիտորդներով: ԿԸՀ նախագահը նաեւ նշեց, որ գրանցել է տեղական դիտորդական կազմակերպություններից «Պատգամավորական Գերագույն խորհուրդ ակումբին» անգամ, որը նախորդ ընտրություններում զրկված է եղել այդ հնարավորությունից:

Ի դեպ, դիմումատուի այն պնդման առնչությամբ, թե ԿԸՀ-ն մերժել է դիմումների քննությունները ձեւական հիմքերով՝ պատասխանող Տիգրան Մուկուչյաննն ասաց. «Նման դատողություններ անելն արդեն իսկ անընդունելի եմ համարում: 500-ից ավելի դիմում է քննարկվել, անգամ կիսագրագետ ընկալում ունեցող բողոքներ»:

Նշենք, որ այս պահին, բացի ՀԱԿ-ի ներկայացուցչից, որեւէ մեկը չի մասնակցում քննությանը, փոխարենը պարբերաբար դահլիճում հերթապահություն են անում ՀՀԿ ներկայացուցիչները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031