ԲՀԿ-ի արած քայլը որոշակիորեն փոխում է նաեւ իրավիճակը ընդդիմադիր դաշտում։ 2008 թվականից հետո ընդդիմադիր դաշտում մեկ դոմինանտ ուժ կար՝ Հայ ազգային կոնգրեսն էր։ Հիմա արդեն Կոնգրեսը դոմինանտ ուժ չէ ընդդիմադիր դաշտում, եւ դա առաջին հերթին ԲՀԿ-ի ընդդիմադիրացման շնորհիվ։ Հենց այստեղ է, որ սրվում է հարցը, թե արդյո՞ք Կոնգրեսը մարտավարական սխալ չի գործել ԲՀԿ-ին ընդդիմության անձնագիր տալով։ Ոմանք, իհարկե, համոզված են, որ՝ ոչ։ Բայց ցանկացած մարտավարություն գնահատվում է ըստ այնմ, թե ինչ օգուտներ է բերում դա կիրառողին։ Տվյալ դեպքում Կոնգրեսի քաղած օգուտները տեսանելի չեն։ Շատ են խոսում այն մասին, որ խորհրդարանական ընտրությունների շրջանում Կոնգրեսի էլեկտորատի մի զգալի մասը անցավ ԲՀԿ-ին։ Այս երեւույթի հոգեբանական բացատրությունը հասկանալի է. եթե ԲՀԿ-ն ընդդիմություն է եւ Կոնգրեսի հետ նույն նավակում է գտնվում, ուրեմն՝ ԲՀԿ-ին ձայն տալը համարյա Կոնգրեսին ձայն տալու պես մի բան է։ Մանավանդ որ շատ ավելի անվտանգ է եւ շատ ավելի շահավետ։
Այնուամենայնիվ, վերադառնանք ընդդիմադիր դոմինանտ ուժի թեմային։ Եթե ԲՀԿ-ն անդամագրվում էր կոալիցիային, Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանական գործունեության արդյունքում կարող էր վերականգնել դոմինանտ ընդդիմադիր ուժի կարգավիճակը։ Բայց ԲՀԿ-ի ընդդիմադիրացման պարագայում այդ խնդիրը շատ ավելի բարդանում է, եւ Հայ ազգային կոնգրեսը կարող է կանգնել քաղաքական դաշտում տեղը կորցնելու վտանգի առաջ։ Այս վտանգը շրջանցելու համար Կոնգրեսին դրամատիկ քայլեր են հարկավոր։ Բայց դեռ հարց է՝ հնարավոր կլինի՞ իրագործել այդ դրամատիկ քայլերը։ Դրամատիկ քայլերն իրագործելու համար, ընդ որում, կոնկրետ ժամկետ է սահմանված՝ 2013թ. նախագահական ընտրությունները։ Կոնգրեսն ունի երկու տարբերակ, կամ հասնել նրան, որ 2013 թվականի նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն պաշտպանի Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, կամ առաջադրել նախագահի այնպիսի թեկնածու, որի շուրջ հնարավոր լինի ձեւավորել նոր բեւեռ, ծանրության նոր կենտրոն, ընդդիմադիր նոր ասելիք: Թե առաջին եւ թե երկրորդ խնդիրները տեսականորեն լուծելի կարելի է համարել, բայց գործնականում ամեն ինչ շատ ավելի բարդ է։
Վաղինակ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
«Հայկական ժամանակ»