Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սարդարապատում հյուրասիրության այդ արատավոր ավանդույթը պետք է հնարավորինս շտապ դադարեցնել

Մայիս 29,2012 11:53

Այն նողկալի վիճակը, որին ՀՀ քաղաքացիները կամ արտերկրից եկած հյուրերն ականատես են լինում Սարդարապատում, ուղղակի զարմացնում է։ Պարզաբանենք, թե ինչի մասին է խոսքը, նախագահ Սարգսյանն իրեն ուղեկցող շքախմբով հերթով մոտենում է որեւէ համայնքի կողմից պատրաստված սեղանի եւ ինչ-որ բան համտեսում։ Երբ նախագահն ավարտում է համտեսի արարողությունր եւ մոտենում է հաջորդ սեղանին, ոստիկանները թույլ են տալիս, որ նախագահի անցած սեղանին մոտենան ՀՀ հասարակ քաղաքացիները։ Այդ պատկերը մարդ կարող է դիտել միայն սոսկումով, տասնյակ ու հարյուրավոր սոված քաղաքացիներ նետվում են ինչ-որ բան ուտելու հույսով։ Բայց դա չէ ամենասարսափելին, այլ այն, որ նրանք այդ սեղանները գտնում են կիսադատարկ։ Քանի որ սեղան պատրաստողները, այսինքն հյուրասիրողները հասցնում են այդ կարճ ընթացքում թաքցնել սեղանի առավել արժեքավոր սննդատեսակները։ Բայց մի՞թե այս մարդկանց արժե մեղադրել ժլատության կամ ոչ հյուրասեր լինելու մեջ։ Ամենեւին. այն մարդիկ, ովքեր նախագահ Սարգսյանի առաջ ճոխ սեղան են բացել, իրենք սոված են, իրենք ունեն այդ սննդի կարիքը, իսկ սոված մարդը հոգեբանորեն չի կարող իր սնունդը կիսել ուրիշի հետ։ Նա մտածում է, թե ինչպես հուսալի թաքցնի այդ սնունդը, որպեսզի ինքը կարողանա հետո ուտել։

Դրա համար էլ արդյունքում մենք ականատեսն ենք մարդկային բանականությունը ճնշող մի տեսարանի, երբ հյուրասիրողները փորձում են հնարավորինս լավ պահել, թաքցնել իրենց սնունդը, իսկ հյուրասիրվողները մի քանի վայրկյանում ուղղակի հիմնահատակ սրբում են սեղանների վրա մնացած ամեն հնարավոր բան, որ կարելի է ուտել։

Մեր  կարծիքով,  հյուրասիրության այդ արատավոր ավանդույթը պետք է հնարավորինս շտապ դադարեցնել,  քանի  որ նախագահ Սարգսյանն այդ կեղծ հյուրասիրության կարիքն ամենեւին չունի, բացի այդ,  դա բացասաբար է ազդում հանրային  հոգեբանության  վրա, ցույց տալով, թե որքան կիսաքաղց ու ընչազուրկ է մեր հասարակությունը։ Այլապես հերոսամարտի տոնակատարությունը վերածվում է մի իսկական ողբերգության, որը կարելի է գոնե ի ցույց չդնել։

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031