Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միջադեպ Կեսարիայում` թուրք պատմաբանի եւ թուրք լրագրողների միջեւ

Մայիս 29,2012 11:45

ERUSAM-ի ղեկավարը (ձախից) վիճում է թուրք լրագրողների հետ

Կեսարիայում գտնվելու ընթացքում SATR ծրագրով Թուրքիայում գտնվող հայ եւ թուրք լրագրողներիս խմբի համար նախատեսված էր նաեւ հանդիպում պրոֆեսոր Մեհմեդ Մեթին Հուլագուի հետ, որը Էրչիես համալսարանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Center for Strategic Research of Erciyes University -ERUSAM) ղեկավարն է, ինչպես նաեւ նույն համալսարանի ռեկտորի տեղակալը եւ Թուրքական պատմագիտական ասոցիացիայի (Turkish Historical Association) անդամ:

Այդ ERUSAM կենտրոնը գտնվում էր Կեսարիայի Թալաս թաղամասում, որը նախկինում հայկական թաղամաս էր, որտեղ գտնվում էր Կեսարիայում մեր տեսած երեք եկեղեցիներից մեկը, Գյուլբենկյանների տունը, Կեսարիայի միակ հայի` Սարգիսի տունը, Քահրամանյանների, Օհաննեսի տները..

ERUSAM-ի ուսանողները (աջից երկուսը եւ նրանց հետեւինը) չէին հասկանում, թե ինչպես Քեմալ բեյը (ձախից), լինելով զտարյուն թուրք, կարող է հասկանալ եւ կիսել հայերի ցավը:

Երբ մտանք ERUSAM կենտրոնի բավականին խնամված եւ բարեկարգ շենքը, մեզ դիմավորեցին դեմքի առանձնահատուկ, արծվային կամ խունվեյբինական արտահայտությամբ երիտասարդ տղաներ` աչքերի ծակող հայացքով: Սակայն դա դեռ ոչինչ չէր նախանշում:

Պարոն Հուլագուն իր ողջույնի խոսքը սկսեց նրանից, որ իրենց կենտրոնը ցանկանում է անգամ հայերենի ամբիոն բացել, որտեղ կսովորեն ուսանողներ Սփյուռքից եւ թուրքեր, անգամ փորձել են Հայաստանից կամ Սփյուռքից դասախոս հրավիրել,  նույնիսկ երկու-երեք հոգու հետ նամակագրություն են ունեցել, նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն որեւէ մեկը այդպես էլ չի եկել եւ այլն… Այնքան քաղցր զրույց էր, որ նույնիսկ զարմացանք, թե ինչու Հայաստանից չեն գալիս այս հրաշալի կենտրոնում սովորելու կամ դասավանդելու: Խոսք ու զրույցը բերեց նրան, որ խմբի հայ անդամներից Արմեն Սարգսյանը` «Ինտերնյուսից», հարցրեց պարոնին, թե` ի՞նչ պոլիտկոռեկտ անուն կա, որով Թուրքիայում կարող են բնորոշել 1915 թվականի դեպքերը: Այստեղ արդեն ինչ-որ բան փոխվեց, պարոն Հուլագուն ինչ-որ երկար բարակ բան ասաց, որը մեր թարգմանիչը դեռ չէր հասցրել թարգմանել,  բացի երկու նախադասությունից, թե` «մենք չենք ընդունում, որ այդ ժամանակ որեւէ լուրջ իրադարձություն է եղել, դա սուտ է», երբ մեր խմբի թուրք լրագրողները սկսեցին հակադարձել, այդ վիճաբանությունը, որը որեւէ կերպ չէր թարգմանվում, սակայն առանց այդ էլ հասկանալի էր, տեւեց 15-20 րոպե: Պատմաբանը կամաց-կամաց կորցնում էր հակադարձելու ավյունը, եւ որոշվեց հանդիպումը տեղափոխել բակ` թեյի եւ քաղցրեղենի շուրջ:

Հետո մեր թուրք գործընկերները պատմեցին, որ սույն պրոֆեսորը ասել է, թե եղածը պատերազմական ժամանակաշրջաններին հատուկ բան էր, ոչ մի լուրջ բան, երբ բլոգեր Քեմալ Բոզկուրտը հարցրել է` ինչպե՞ս թե ոչինչ չի պատահել, չէ՞ որ քիչ առաջ մենք Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էինք, իմացանք, որ հայաշատ Կեսարիայում միայն երեք հայ է մնացել, պատմաբանը, թե` դե պատահում է, պատերազմ էր, գնացին, հեռացան այստեղից: Հետո սկսել է խոսել այն մասին, որ հայերը տեռորիստական խմբեր էին կազմավորել եւ երկրի ներսում կռվում էին թուրքերի դեմ, իսկ հետո երկար տարիներ ահաբեկչական ակտեր են իրականացրել ամբողջ աշխարհում` ընդդեմ թուրքերի: Մեր թուրք գործընկերները հակադարձել են, որ դա ամենեւին նույն բանը չէ, եւ չի կարելի ժխտել այն, ինչ եղել է: Հարցրել են Հրանտ Դինքի մասին, ասել է` դա թուրքերի մեղքը չէ, Սփյուռքն է հրահրել: Իսկ երբ հարցրել են անցյալ տարի ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված Սեւակի մասին, նա ուղղակի չի պատասխանել:

Ավելի ուշ, նա մեր թուրք գործընկերներին ասել է` դե պարզ է, դուք հայ եք, դրա համար եք այդպես խոսում, երբ նրանք ասել են, որ հայ չեն, այլ մաքուր թուրք, պարոնը խիստ զարմացել է` նրան թվացել է, թե այս խմբում թուրքական կողմից միայն ստամբուլահայեր են ընդգրկված:

Իսկ այդ խունվեյբիներից մեկը մոտեցել է մեր խմբի թուրք լրագրողուհուն` կարծելով, թե թուրքահայ է, եւ ասել է` «այո, մենք մորթել ենք ձեզ, կտոր-կտոր ենք արել»:

Այդ միջադեպը մեր թուրք գործընկերների վրա շատ էր ազդել, նրանք անընդհատ քննարկում էին դա, վրդովվում: Անգամ կեսարացի Սարգիսի տանը, որտեղ շատ կոլորիտային մթնոլորտ էր, նրանք չէին կարողանում վայելել Սարգիսի յուրահատուկ խոսքուզրույցը…

Հետո, երբ քննարկում էինք այդ դեպքը, նրանք ասում էին, որ այդ պարոնի պահվածքը շատ բնորոշ էր թուրքական կառավարության դիրքորոշմանը` քաղցր-մեղցր խոսել հարեւանությունից եւ հարաբերությունների լավացումից, բայց երբ խոսքը գնում է խնդիրներից` միանգամից ժխտողական վերաբերմունք ցուցաբերել:

Երբ թուրք լրագրողներից մեկին` Ումուդ Վեդաթ Գայրեթլիին հարցրեցի` մինչ այդ տեղյա՞կ էր այդ համալսարանից եւ այդ կենտրոնից, նա ասաց, որ գիտեր դրա մասին որպես խիստ ազգայնական, իր բառերով` «ֆաշիստական» համալսարան: Նա ավելացրեց, որ ամբողջ Կայզերին` Կեսարիան, է այդպիսին` Թուրքիայի ամենաֆաշիստական տարածքներից է, եւ թերեւս դա էր պատճառը, որ Կեսարիայի ողջ տարածքում մեզ հսկում էին ոստիկանները: Ասաց, որ խիստ զարմացել էր սկզբում, որ ֆաշիստական Կեսարիայի ֆաշիստական համալսարանում որոշել են հայերենի բաժին բացել: Բայց վիճաբանությունից հետո հասկացել էր, որ դա անում են ոչ թե թուրքաբնակ հայերի համար` նրանց սեփական լեզուն սովորեցնելու նպատակով, այլ միայն եւ միայն` քաղաքական նպատակներով, թուրքերի համար: Հարցիս` այսինքն, «սովորիր թշնամուդ լեզուն» կարգախոսով, ասաց` այո, այո…

Ասաց նաեւ, որ ինքն էլ լիներ հայաստանցի դասախոսների տեղը` չէր գա Կեսարիայի նման ազգայնական տարածաշրջանում դասավանդելու, թեեւ նաեւ ասաց, որ կասկածում է, որ նման բան ընդհանրապես եղել է` «կարծում եմ, ոչ մի հրավեր էլ ոչ մեկին չեն ուղարկել»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031