Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտարարությամբ մտահոգություն է հայտնել Հայաստանում վերջերս տեղի ունեցած զարգացումների կապակցությամբ, որոնք վտանգում են մարդկանց հանդեպ ոչ խտրական վերաբերմունքը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. «Երեւանում ակումբի պայթեցումը եւ դրան հաջորդած բազմազանության շքերթի անցկացման խոչընդոտումը, որոնք ներկայացվեցին որպես միասեռականների դեմ հանդես եկող որոշակի ծայրահեղ խմբերի գործողություններ, ինչպես նաեւ որոշ քաղաքական գործիչների կողմից արված խտրական հայտարարությունները եւ, մասնավորապես, ատելության տարածումը, մտահոգիչ են: Այս զարգացումները կրկին առաջ են բերում քննարկումներ Հայաստանում հանդուրժողականության եւ խտրականության մակարդակի վերաբերյալ»:
Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ պաշտոնական մարմինների կողմից այս դեպքերի դատապարտման բացակայությունը եւ օրենքի ոչ համաչափ կիրառումը մտահոգություն են առաջ բերել Հայաստանի քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստների եւ միջազգային դիտորդների շրջանում. «Պաշտոնական արձագանքի բացակայությունը կարող է անպատժելիության զգացում խթանել այդ ծայրահեղ խմբավորումների շրջանում եւ անգամ սպառնալ ժողովրդավարական զարգացմանը»:
ԵՄ պատվիրակությունը հիշեցնում է, որ Հայաստանը, որպես Եվրոպայի Խորհրդի անդամ, պարտավորություն է ստանձնել հարգել մարդու իրավունքները՝ 1999թ. կնքված ԵՄ-Հայաստան Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի եւ 2006թ. կնքված ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի դրույթների համաձայն:
«ԵՄ պատվիրակությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին հավատարիմ մնալ հանդուրժողականության եւ ոչ խտրական վերաբերմունքի ապահովման ուղղությամբ ստանձնած պարտավորություններին՝ հոմոֆոբիայի եւ տրանսֆոբիայի հանդեպ անհանդուրժողականության խնդիրը համարժեք ձեւով լուծելու համար», – ասվում է հայտարարության մեջ: