Այսօր Սյունիքի մարզի Ծավ գյուղում նախատեսված է կազմակերպել հասարակական լսումներ` Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայրի աշխատանքային նախագծի վերաբերյալ: Հասարակական լսումների անցկացման ժամի վերաբերյալ տեղական հասարակակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին ոչ մի կազմակերպիչ տեղյակ չի պահել: Խնդրով մտահոգ կառույցների պատասխանատուներն արդեն քանի օր է՝ փորձում են անցկացման հստակ ժամը ճշտել, որպեսզի ներկա գտնվեն լսումներին:
Ըստ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարները եւ ձեռնարկողը ծանուցումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կազմակերպում են նախատեսվող գործունեության վերաբերյալ հասարակական լսումներ ՝ լրատվական միջոցներով տեղեկություններ հաղորդելով նախատեսվող գործունեության, լսումների տեղի եւ ժամկետի մասին, այնինչ հասարակական լսման անցկացման օրը նույնիսկ ոչ մեկը տեղյակ չի անցկացման ժամից, ինչը խոսում է այն, մասին, որ հասարակական լսումներն արդեն իսկ օրենքի խախտումներով են արվում, որն անընդունելի է:
Կապանի տարածաշրջանի Ծավ գյուղի ղեկավար Արարատ Մարտիրոսյանը «Առավոտին» փոխանցեց, որ նույնիսկ ինքը տեղյակ չէ լսումների անցկացման հստակ ժամի մասին: «Ես ինտերնետից եմ իմացել, որ ամսի 29-ին հավանաբար ժամը 3-ին, հստակ ժամը հայտնի չէ, մեզ մոտ հասարակական լսումներ են լինելու, գյուղապետարանի հետ հստակ պայմանավորվածություն չկա, որ այսօր այստեղ լսումներ անցկացվեն: Հանքի հետախուզողներն, որ այն ժամանակ ուզում էին հետախուզություն անել, չեմ թույլատրել, ասացի՝ մինչեւ հանրային լսումներ չանեք՝ չեմ թույլատրելու: Այն ժամանակ իրենք ասեցին, որ մեզ մոտ լսումներ են լինելու ամսի 29-ին, իրենցից եմ իմացել, որ լսումներ կանցկացնեն: Բայց մեզ հետ հստակ որեւէ պայմանավորվածություն չկա, նույնիսկ ժամի առումով, ամեն ինչ անորոշ է դեռ»- ասել է Ծավի գյուղապետը:
Տեղական հ/կ-ները պատրաստվում են հայտարարությամբ հանդես գալ, որ անցկացվելիք հասարակական լսումները արդեն իսկ օրենքի խախտումներով են արվում` պահանջելով այն անցկացնել օրենքի տառին ու կետին համապատասխան եւ չեղյալ համարել նման պայմաններում անցկացվող լսումները:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հանքավայրի ուսումնասիրությունն իրականացնում է «Օփուլենդ թրեյդինգ սոլյուշնս» ընկերությունը: Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի հարավային մասում, Կապան քաղաքից 55 կմ դեպի հարավ-արեւմուտք, Մեղրու լեռնաշղթայի հարավային լանջին: Հանքավայրի տարածքում որոնողական աշխատանքները սկսվել են դեռեւս 1971 թվականին եւ ընդհատումներով շարունակվում են մինչ այժմ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ