Հայաստանի առաջին հանրապետությունը կործանվեց Ադրբեջանի տարածքից խորհրդային զորքերի հարձակման հետեւանքով: Խորհրդային 11-րդ բանակը Հայաստան մտավ Իջեւանի տարածքի «Ծուռ կամրջով»՝ « Կրիվոյ մոստով»: Դրա պատճառով խորհրդային տարիներին այդ կամրջի մոտ կառուցված բանավանը կոչվեց եւ ցայսօր կրում է Ազատամուտ անունը: «Ծուռ կամրջի» հարեւանությամբ մի քանի տարի առաջ գործարկված ռեստորանային համալիրը ի պատիվ հայ ազգի մայիսյան հաղթանակների անվանվեց «Մայիսյան կամուրջ»:
Խորհրդանշական է, որ 2012թ. մայիսի 28-ին ՀՀ առաջին հանրապետության օրվան նվիրված միջոցառումը այդտեղ կայացավ: Հանդիսությունը նախաձեռնել էր հայտնի գործարար, Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքից նախկին պատգամավոր Միքայել Վարդանյանը: Ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը, թիվ 40 ընտրատարածքից Աժ պատգամավոր Մարինե Մարաբյանը, Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Տավուշի մարզում «Գրանդ հոլդինգի» ներկայացուցիչ, «Մասիս տոբակո» ընկերության տնօրեն Հովհաննես Թադեւոսյանը, մարզի իրավապահ համակարգի ղեկավարներ, համայնքապետեր, դպրոցների տնօրեններ, ընդհանուր առմամբ՝ մոտ 200 մարդ:
Գործարար Միքայել Վարդանյանը, մարզպետ Արմեն Ղուլարյանը, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը իրենց ելույթներում գնահատեցին մեր պատմության մեջ Հայաստանի առաջին հանրապետության դերը, նաեւ կարեւորեցին մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների նշանակությունը:
Միքայել Վարդանյանը մշտապես ֆինանսապես աջակցում է Իջեւանի Գետահովիտ գյուղում գործող բազկամարտի խմբին: Խմբի ղեկավար Արմեն Չապուխյանը եւ նրա սան Դերենիկ Ստեփանյանը վերջերս դարձել են Եվրոպայի չեմպիոններ: Միջոցառման ժամանակ Միքայել Վարդանյանը գետահովտցի չեմպիոնների մարզման պայմանների բարելավման, մարզադահլիճի բարեկարգման համար նվիրաբերեց 350 հազար դրամ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Թագեր-Իջեւան, ՀՀ առաջին հանրապետության օր, «Մայիսյան կամուրջ», Միքայել Վարդանյան, մայիսի 28