«Քրիստոնեությունը Հայաստանի խաչմերուկներում» գրքի հեղինակ Ռոբերտ Բեքման Բրին, ով այս օրերին Հայաստանում է, երեկ այցելել էր Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել տոնական արարողությանը եւ շրջել Սարդարապատի պատմության թանգարանում:
Ազգագրագետ, լուսանկարիչ Ռոբերտ Բեքմանի գրքում տեղ են գտել Հայաստանի եւ Արցախի 25 վանական համալիրների, եկեղեցիների եւ մատուռների մասին պատմող լուսանկարներ ու պատմություններ: Ռոբերտը որոշ ժամանակ ապրել է Գավառի տարածաշրջանի Կարմիրգյուղում, որտեղ գրեթե բոլորը նրան ճանաչում են: Ռոբերտ Բրինը սիրում է հային ու Հայաստանը:
Կարդացեք նաև
«Այսօր շատ եմ հոգնել, բայց այդ հոգնության մեջ երանություն կա»,- «Առավոտի» թղթակցին պատմեց Ռոբերտը: «Ոտքով շատ եմ քայլել, մասնակցել եմ տոնակատարությանը: Ուշ տեղ հասա, տոնակատարությունը գրեթե ավարտվում էր, բայց դեռ շատ մարդ կար հուշահամալիրում:
Մի քանի անգամ եղել էի Սարդարապատում, մասնակցել տոնակատարություններին, բայց թանգարան չէի կարողացել մտնել: Թանգարանում ուշադրությունս գրավեցին վիշապաքարերը, որոնք ամեն անգամ տեսնելիս ես զարմանում եմ: Ժամանակակից խեցեգործական աշխատանքները բացառիկ են եւ ես սիրում եմ նորի ներկայացումը հինավուրց պատմության մեջ:
Այն նույն վիշապաքարը, որից կար Գավառում, դրված էր նաեւ Սարդարապատի հուշահամալիրում: Հայ ժողովուրդը նախաքրիստոնեական շրջանի այնպիսի մշակույթ ու փաստեր ունի, որոնք ես շատ բարձր եմ գնահատում»:
Ի զարմանս Ռոբերտի՝ Սարդարապատում նրան ողջունել են իր ծանոթ գավառցիները, ում նա հանդիպել էր նախորդ տարվա դեկտեմբերին:
Լուսանկարները՝ Ռոբերտ Բեքման Բրինի