Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ շուկան ու փակ համակարգը

Մայիս 29,2012 10:30

Երեկ ամբողջ Հայաստանը նշում էր Առաջին հանրապետության օրը, պատմական անդրադարձեր էին կատարվում իշխանության բոլոր խոսափողերից, պատմություն էր գնահատվում ու արժևորվում, ներկայիս և անցյալի սրբազան կապի, Առաջին հանրապետության սաղմերի և հետագա ծիլերի և այլնի մասին հուզիչ համեմատություններ էին արվում: Եվ նախախնամության կամքով, նույն այդ երեկվա օրը Երևանում քանդվում էր պատմամշակութային արժեքներից մեկը հռչակված Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» կամարակապ տանիքը: Ինչպես հայտնի է, շուկան գնել է օլիգարխ Սամվել Ալեքսանյանը և պատրաստվում է այնտեղ երևի թե իր հերթական սուպերմարկետը կառուցել: Եվ ահա երեկ Սամվել Ալեքսանյանը հասել է շուկայի տանիքին, այն դեպքում, երբ դեռևս ամիսներ առաջ դրա վերաբերյալ ահազանգից հետո Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, թե տանիքին ձեռք տալու իրավունք չկա և ձեռք չի տրվելու: Երեկ առավոտյան, սակայն, «Փակ շուկայի» տանիքը քանդվում էր: Հետո տրվեցին ինչ-որ բացատրություններ այն մասին, թե տանիքի կառուցվածքը անվտանգ չէր և այլն, և այլն: Սակայն այդ ամենը եղավ միայն այն բանից հետո, երբ քաղաքացիները, քաղաքացիական ակտիվիստները ահազանգ բարձրացրին տեղի ունեցածի հետ կապված:

Այսպիսով, երևանյան հերթական կառույցն է հայտնվում օլիգարխիական ախորժակի երախում: Մյուս կողմից` որևէ վատ բան չկա, եթե նորոգվում են, թարմացվում են, նորացվում են երևանյան շենքերը, և եթե այդ ամենն արվում է ճաշակով և ճարտարապետական տեսքի պահպանմամբ, եթե, իհարկե, տեսքը արժանի է պահպանվելուն: Ի վերջո, Երևանում կան շատ կառույցներ, որոնց տեսքը պետք է փոխել, որքան էլ որ դրանք ներկայումս, այսպես ասած, մշակութային արժեք են հռչակված: Սակայն այստեղ, իհարկե, խնդիրը «Փակ շուկայի» ճարտարապետական տեսքի շուրջ բանավեճը չէ, քանի որ դրա համար պարզապես պետք է լինել մասնագետ և մասնագիտորեն ներկայացնել առավելությունները կամ թերությունները, որպեսզի ոչ մասնագետները ըստ այդմ կարողանան իրենց վերաբերմունքը որոշել՝ պահել, թե չպահել, ինչը քանդել, իսկ ինչը՝ ոչ: Խնդիրն այստեղ այդ ամենի կատարման ձևն է, երբ պատկան մարմինները որևէ կերպ հարկ չեն համարում քաղաքացիներին սպառիչ պարզաբանումներ տալ տեղի ունեցողի վերաբերյալ, երբ կառուցապատողները հարկ չեն համարում գոնե ձևի համար պահել սահմանված կարգն ու ամեն ինչ անել ըստ ընթացակարգի, հաշվի առնելով երկրի օրենքները, իրավական նորմերն ու քաղաքացիներին: Բայց օլիգարխիան այդ ամենը անգամ ձևականորեն հարկ չի համարում պահել, իսկ Երևանի քաղաքապետարանն էլ որևէ պարզաբանում տալիս է միայն այն ժամանակ, երբ տեսնում է, որ հասարակական պահանջն աճում է ձնագնդի նման: Ահա սա է տվյալ պարագայում ամենամեծ խնդիրը, որ ձեռք ձեռքի տված հասունացնում են քաղաքապետարանն ու օլիգարխիան: Եվ այստեղ, մեծ հաշվով, առաջնային պլանում ոչ թե «Փակ շուկայի», այլ փակ համակարգը բացելու, այդ համակարգին բացություն պարտադրելու խնդիրն է, որ պետք է լուծի հասարակությունը: Այդ փակ համակարգին պետք է պարտադրել բաց, թափանցիկ, հաշվետու գործելաոճ, իսկ մնացյալ հարցերը, թե ինչ կարելի է քանդել, իսկ ինչ չի կարելի, կգան արդեն դրանից հետո:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031